կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժամը 23։00-ից հետո երիտասարդ տուրիստները դժգոհում են, որ Երևանում որևէ ակտիվություն չկա, և սա մեր սահմանափակումների պատճառով է. Նուարդ Վարդանյան

Ժամը 23։00-ից հետո երիտասարդ տուրիստները դժգոհում են, որ Երևանում որևէ ակտիվություն չկա, և սա մեր սահմանափակումների պատճառով է. Նուարդ Վարդանյան

«Բացարձակապես դեմ եմ։ Ի՞նչ է նշանակում՝ պետական մարմինը կարգավորի մշակույթը։ Մշակութային գործիչներին պետք է հնարավորինս ազատություն տալ»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն՝ անդրադառնալով նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել բացօթյա վայրերում մշակութային գործունեության, այդ թվում՝ գրական, երաժշտական, պարային ելույթների իրականացումը։

Վարդանյանը համաձայն է, որ ամեն մեկի համար կա անճաշակ երաժշտություն, բայց այդ ամենը «ժողովրդին կրթելու միտում ունի, ոչ թե սահմանափակելու». «Ես, ընդհանրապես, համարում եմ, որ մշակութային գործիչներին չի կարելի կարգավորել․ դա տանում է սխալ ուղղությամբ»,- ասաց ավագանու անդամը, ապա նշեց, որ տեղյակ է, որ վաղուց է խոսվում փողոցային երաժշտությունը կանոնակարգելու մասին։

Նրա դիտարկմամբ՝ բազմաթիվ եվրոպական երկրներում ժամը 23։00-ից հետո բարձր երաժշտություն է հնչում, ապա նկատեց, որ այդ ակտիվությունը պետք է փոխանցել զբոսաշրջիկներին՝ հատկապես, որ անընդհատ խոսում ենք զբոսաշրջության զարգացման մասին։ «Ես չգիտեմ՝ ինչպես ենք լռությամբ գրավելու տուրիստներին։ Ժամը 23։00-ից հետո երիտասարդ տուրիստները դժգոհում են, որ Երևանում որևէ ակտիվություն չկա, և սա մեր սահմանափակումների պատճառով է»։

  • Կիսվել: