կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վրաստանի մշակույթի նախարարի կարգադրությամբ՝ Թբիլիսիի «Վանքի դպրոց» կրթօջախի տարածքում կանցկացվեն մանրազնին պեղումներ

Վրաստանի մշակույթի նախարարի կարգադրությամբ՝ Թբիլիսիի «Վանքի դպրոց» կրթօջախի տարածքում կանցկացվեն մանրազնին պեղումներ

Պատմական հայտնի աղբյուրների համաձայն՝ Թբիլիսիի ներկայիս թիվ 104 դպրոցի տարածքում (նախկին՝ Գարեթուբանի, այժմ՝ Աթոնելի փողոց, Քուռ գետի աջափնյակ) 1430-1938 թթ. գործել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, որը կոչվել է նաև «Վանքի Մայր Տաճար» կամ «Հարանց վանք»: Եռագմբեթ վանական հսկայական համալիրն իր մեջ ներառել է վանահոր երկհարկանի շենքը, կրթական ու մշակութային կենտրոններ, բնակելի սենյակներ: Բակում հուղարկավորվել են նաեւ ժամանակի մեծերը:

Խորհրդային շրջանում իրականացվող «կարմիր տեռորի» տարիներին, 30-ական թվականների Թբիլիսիում, ի թիվս մյուս՝ վրացական, հայկական, կաթողիկե եկեղեցիների, ոչնչացվել է նաեւ այս Վանքի համալիրը: Այսօր վանական համալիրի տարածքում պահպանվել է զանգակատան եւ երկհարկանի առաջնորդարանի մի մասը, որը բնակելի շենքի մի հատվածն է կազմում։ Վանքի տեղում կառուցված են թիվ 104 դպրոցը, Վրաստանի մշակույթի նախարարության շենքը:

Ինչպես տեղեկանում ենք «Վրաստան» թերթում տեղ գտած հրապարակումից, վերջերս, նախարարության շենքում ու բակում, որոնք հարակից են դպրոցին, տարվում են վերանորոգման աշխատանքներ: Հողային աշխատանքների ընթացքում բանվորները հայտնաբերել են բազալտե, առանց գրությունների, ինչպես նաև՝ հայերեն ու վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր, մարդկային մասունքներ: Այդ մասին անմիջապես տեղեկացվել է Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանուն:

Հետամուտ լինելով կատարվածին՝ նախարարն իր մոտ է հրավիրել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին և «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանին: Հանդիպմանը որոշում է կայացվել մասունքները վերաթաղել Խոջիվանքի պանթեոնում:

Թեա Ծուլուկիանու նախաձեռնությամբ ու կարգադրությամբ՝ արդեն հաջորդ տարվա հունվարից տվյալ վայրից 20-50 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում կիրականացվեն նոր մանրազնին պեղումներ:

Թբիլիսիում գործող «Միասին» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Չիդիլյանը «Վրաստան»-ի հետ զրույցում ասել է.«Մենք շնորհակալ ենք նախարար Թեա Ծուլուկիանուն սրտացավության և աշխատանքները շարունակելու կարգադրության համար: Կարծում եմ, այս տարածքում դեռ շատ մասունքներ ու տապանաքարեր կգտնվեն»:

Մինչև այս պահը հայտնաբերվել է 2 դամբարան, որտեղ ոսկորներ կան, քանի որ, փաստացի, «Վանքի» տարածքում գործել է նաև յուրահատուկ պանթեոն:

  • Կիսվել: