կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վերաօծվեց Վրաստանի Գոման գյուղի հայկական Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Վերաօծվեց Վրաստանի Գոման գյուղի հայկական Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին հանդիսավորությամբ կատարվեց Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։ Եկեղեցին վերակառուցել են ծնունդով Գոման գյուղից Ռուբեն Բանդիկյանը ու նրա որդին՝ Դավիթ Բանդիկյանը։ Վերակառուցման աշխատանքներն սկսվել էին 2021 թվականին, գրում է jnews.ge-ն:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը այսօր մարդաշատ էր, ինչպես գյուղում ապրող գոմանցիները, այդպես էլ գյուղից դուրս ապրողները եկել էին ներկա գտնվելու իրենց գյուղի եկեցեղու վերաօծման արարողությանը։

Ռուբեն Բանդիկյանի որդու՝ Դավիթի երազանքն է եղել կանգուն տեսնել իրենց գյուղի եկեղեցին, և տարիների ընթացքում նա իր երազանքը իրագործել է։ Այսօր նա իր ընտանիքի հետ մեկտեղ կանգնած էր եկեղեցու բակում և ուրախությամբ նայում էր կանգուն եկեղեցուն։

“Դավիթիս նպատակն էր, որ եթե հնարավորություն ունենանք, վերակառուցենք մեր եկեղեցին։ Եկավ օրը, երբ տղաս ինձ ասաց, որ “հայրիկ ջան, պետք է վերակառուցվի”, ես որդուս հետ համաձայնվեցի, և սկսեցինք դիմել Վրաստանում համապատասխան մարմիններին։ Երեք տարի չարչարվելուց հետո, մենք ստացանք վերակառուցման թույլտվությունը և 2021 թվականից սկսեցինք աշխատանքները։ Երեք տարվա ավարտեցինք։ Իմ և որդուս նպատակը Աստված լսեց և այն իրականացվեց”, -ասաց բարերար Ռուբեն Բանդիկյանը։

Բարերարը Jnews-ին տրված իր հարցազրույցում նշեց նաև, որ իր միակ ցանկությունն է, որ այս եկեղեցում կնունքի, ծնունդի և հարսանիքի արարողությունները անպակաս լինեն։ Եվ որ Վրաստան և Հայաստան երկրներում խաղաղություն լինի։

Եկեղեցու վերաօծման արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանի և մյուս հոգևոր հայրերի մասնակցությամբ։

Եկեղեցու վերաօծման արարողությանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և այլ պաշտոնատար անձիք ինչպես Ախալքալաքից, այնպես էլ Թբիլիսիից։

Վերաօծման արարողությունից հետո առաջին անգամ հնչեցին եկեղեցու զանգի ղողանջները։

Հարկ է նշել, որ Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, ըստ բնակիչների, մոտավոր 1800-ական թվականների վերջերին է կառուցվել, հիմքային վերանորոգում երբևէ չէր կատարվել։ Տարիների բացիթողի վիճակի պատճառով շենքը սկսել էր փլուզվել։

 

  • Կիսվել: