երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վերանորոգվող թատրոններում և մշակութային օջախներում ծանոթացել է ծրագրերի ընթացքին

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վերանորոգվող թատրոններում և մշակութային օջախներում ծանոթացել է ծրագրերի ընթացքին

Տարեկան շուրջ 19000 հանդիսատես հյուրընկալող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այս պահին շինարարություն է:

Երկու տասնամյակ առաջ հիմնանորոգված մշակութային օջախում տարիների ընթացքում բազում խնդիրն էին կուտակվել:

«Մեր տեխնիկական հագեցվածությունը բավականին հին էր, շարքից դուրս էին եկել լուսային և ձայնային սարքավորումները: Իսկ թատրոնն առանց լույսի ու ձայնի դժվար է պատկերացնել: Հիմնանորոգումից հետո մենք կունենանք մեծ հնարավորություններ», - նկատում է Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանը:

Թե ի՞նչ աշխատանքներ են նախատեսված հիմնանորոգման ծրագրով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթանում է տեղում:

Օդափոխության ու ջեռուցման նոր համակարգ, թարմացված գույք և որ ամենակարևորն է՝ սպասված ու սիրված ներկայացումները կլինեն լուսային ու ձայնային նոր հնարավորություններով: Ծրագրի շրջանակում կցուցաբերվի համալիր մոտեցում:

«Մշակութային միջոցառումները մեզ համար շատ կարևոր են, և մենք ցանկանում ենք, որպեսզի Երևանը մշակութային քաղաք լինի, բայց դրա համար բավականին երկար աշխատանք է պետք իրականացնել: Այդ աշխատանքների մի մասն են կազմում նաև մեր ենթակայության մշակութային կենտրոնները՝ թատրոններ, արվեստի դպրոցներ, որոնք մենք պետք է կարողանանք վերանորոգել, համապատասխան պայմաններ ստեղծել», - ընդգծում է քաղաքապետը:

Կինոյի ու թատրոնի մեծ կատակերգուի անունը կրող մշակութային օջախում առանձնակի մոտեցում կցուցաբերվի նաև շենքի ճակատային հատվածի վերականգնմանը: 1911թ. կառուցված այս շենքն ընդգրկված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում:

 
 

20-ամյա դադարից հետո վերանորոգման ու վերազինման աշխատանքներ կտարվեն նաև Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հանրապետության առաջին մանկական թատրոնի վարագույրը բացվել է դեռևս 1929թ: Լավագույն ավանդույթները պահպանելով ու շարունակելով՝ մշակութային օջախն այսօր տարեկան շուրջ 40000 հանդիսատես է ունենում:

«Թատրոնն այս պահին 20-րդ դարում է, վերանորոգվելուց հետո տեխնիկական այն միջոցները, որոնք տրամադրվելու են, հնարավորություն կտան փոխել նաև թատրոնի այլ ծառայությունների մատուցումը, այսինքն, թատրոնը մշակութային այլընտրանքային ծրագրերի հնարավորություն կունենա», - նշում է Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը:

«Ոչ միայն շինարարական աշխատանքներ են լինելու, այլև լուսավորություն, ձայնային տարբեր սարքավորումների համալրում, նոր նստարանների տեղադրում: Ամբողջությամբ կունենանք լավ միջավայր, որը ոչ միայն հնարավորություն կտա մեր արվեստագետներին աշխատել, այլև առավել ճանաչելի դարձնել մեր մշակույթը, մասնավորապես՝ թատերարվեստը», - նշում է քաղաքապետը:

 

Մոսկովյան 3 հասցեում է գործում նաև «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ը:
Դեռևս 1922թ. հիմնադրված Պիոներ պալատն առ այսօր արտադպրոցական կրթության ու գեղագիտական դաստիարակության հնարավորություն է տալիս հազարավոր երեխաների: Այստեղ ևս պատասխանատուները քաղաքապետ Սարգսյանին են ներկայացնում խնդիրներն ու շենքային պայմանները:

«Անհամբերությամբ սպասում ենք նորոգմանը, որովհետև այս տարի մեր կազմակերպությունը տոնում է հիմնադրման 100-ամյակը: Ծրագիրը մեծ նվեր կլինի մեր կրթօջախի համար, շուրջ 1500 պատանիների ու երիտասարդների համար: Լինելու են էական փոփոխություններ՝ տարածքի ավելի արդյունավետ օգտագործման համար՝ հարմարեցվելով այսօրվա կրթական կարիքներին: Այն ծառայությունները, որոնք մատուցելու է մեր կազմակերպությունը, կլինեն ավելի ժամանակակից», - նշում է «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Անուշ Սարգսյանը:

Վերանորոգման հարցում մոտցեումը յուրովի է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ուր սովորում է շուրջ 450 սան: Ճարտարապետական ինքնատիպ լուծումներով կառույցը նորոգման անհատական մոտեցում է պահանջում:

Նախագծի իրականացման համար համայնքային բյուջեից մոտ 25 մլն դրամ է հատկացվել: Ծրագրով հիմնանորոգվում են դպրոցի սանհանգույցները, խմբակային պարապմունքների դասասենյակները: Փոխվում են շենքի բոլոր հնամաշ պատուհանները: Նորոգվում ու հարդարվում են պատերը: Տաղանդաշատ երեխաներին ու հանդիսատեսին ամբողջությամբ նորոգված կդիմավորի դպրոցի օվալաձև դահլիճը:

«Ծրագիրը լինելու է շարունակական, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային մեր բոլոր կենտրոններին, քանի որ այս օջախներում են կրթվում մեր ապագա երևանցիները, ՀՀ քաղաքացիները: Մեր բոլոր քայլերը պետք է միտված լինեն կրթության որակի բարձրացմանը. ոչ միայն պետք է շենքային պայմանները բարելավենք, այլև բովանդակությունը կարողանանք փոխել», - ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:

 

  • Կիսվել: