երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ջերմուկում կայացավ «Ծիրան-ֆեսթ» փառատոնը․ տեսանյութ

Ջերմուկում կայացավ «Ծիրան-ֆեսթ» փառատոնը․ տեսանյութ

Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում երեկ կայացավ «Ծիրան-ֆեսթը»՝ ծիրանի նվիրված փառատոնը։ Այն Վայոց Ձորում անցկացնելը խորհրդանշական իմաստ ուներ, քանզի ամենահայկական մրգի սեզոնը սկսվում է Արարատյան դաշտավայրում և ավարտվում Վայոց Ձորում։ Հենց Վայոց Ձորի ծիրանի վերջին պտուղներն ենք համտեսում մենք այսօր, արդեն իսկ սպասելով հաջորդ տարվա ծիրանի առատ բերքահավաքին։

«Ծիրան-Ֆեստի» շրջանակներում բացվեց ծիրանից պատրաստված համեղությունների, հայկական խոհանոցի ավանդական քաղցրավենիքների համտես-ցուցահանդես։ Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրված էին նաև մարզի նկարիչների, քանդակագործների աշխատանքներ, գորգագործության, ժանեկագործության նմուշներ։

Փառատոնը ուղեկցվում էր մարզային պարի խմբերի ելույթներով, լարախաղացի բեմականացումներով, ազգային խաղերի կազմակերպմամբ։ Փառատոնի հյուրերի համար նաև կազմակերպվեց արշավ դեպի Ջերմուկի տեսարժան վայրեր։ Միջոցառումը ավարտվեց հանրահայտ «Նեմրա» խմբի, DJ Ահարի ելույթներով։ Իսկ վերջում երիտասարդների համար կազմակերպվեց կինոդիտում՝ խարույկի շուրջ։

Ինչպես Infoport.am-ի հետ զրույցում նշեցին «Ծիրան-Ֆեստի» կազմակերպիչները, նման միջոցառումների նպատակն է զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել Վայոց Ձորի, որպես տուրիստական-առողջարանային կենտրոնի գրավչությունը և իրազեկվածությունը։

 

  • Կիսվել: