շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վաղը կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը

Վաղը կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը

Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ խաղողօրհնեքի տոնը մեր Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է տոնվել դեռ հինգերորդ դարից: Այս տարի՝ 2025-ին, այն կնշվի օգոստոսի 17-ին:

Երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, ու այս անգամ Կույսին տվեց երկրից երկինք փոխման ավետիսը:

Երբ սուրբ Կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր սուրբ Կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա եղող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց՝ ասելով. «Մա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

Ապա հայտնեց, որ լրացել է օտարության մեջ նրա պանդխտության ժամանակը, և այժմ պահն է գնալու դեպի իր հայրենի ժառանգությունը: Ասաց նաև, որ Տիրուհին չի մնալու մահվան գավառում, քանզի անմահ կյանքի արժանացավ, վերջացան նրա չարչարանքներն ու լրացան տառապանքները, անցնելու են տրտմություններն ու մոտ է ուրախությունը: Հանգիստը պատրաստ է, լույսի խորանը՝ կազմված, փառքի աթոռը՝ հարդարված: Արդ՝ պետք է գնալ ու հանգստանալ բազում չարչարանքներից և վայելել այն փառքը, որ աշխարհի ստեղծումից առաջ կար:

Ապա, տասնչորս օր անց, կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամը, և զվարճացավ նրա հոգին: Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում: Ապա, ևս տասներկու օր անց, երրորդ անգամ եկավ Գաբրիելը և դարձյալ խոնարհվելով տիրածին Կույսի առջև՝ ասաց. «Ուրախացի՜ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին», և նրան տվեց մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի Դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը դա տեսնելով օրհնեն Աստծուն:

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով: Աստվածամոր վերափոխման տոնակատարության օրը, Ս. Պատարագից անմիջապես հետո տեղի է ունենում Խաղողօրհնեք: Խաղողօրհնեքի ընթացքում եկեղեցում երգվում է «Փառք սուրբ խաչի» շարականը, կարդացվում է Սուրբ Գրքից հատվածներ, որոնց հաջորդում է խաղողի օրհնության համար գրված Սբ. Ներսես Շնորհալու աղոթքը: Աղոթքում հիշատակվում է, թե Աստված երրորդ օրը ստեղծեց բուսականությունը, ապա Ադամին ու Եվային պարգևեց դրախտի դյուրին ու ճոխ կյանքը: Բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ Աստվածային օրհնությունը փոխվեց անեծքի: Սակայն Աստված մարդուն չանտեսեց. Միածնի աշխարհ գալով, անեծքի կապանքը վերացավ, և մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան ծառայությունից:

Ըստ qahana.am-ի:

  • Կիսվել: