Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն
Փետրվարի 20-ից 22-ը Հայաստանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոնը։
Միջոցառումը կազմակերպվում է РОСКИНО-ի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ, և նպատակ ունի նպաստել հումանիտար կապերի ամրապնդմանը ու շարունակել երկու երկրների միջև կինոերկխոսությունը։
Ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան.
«Մեր երկրներին երկար տարիներ կապում են ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Ռուսական ֆիլմերի ցուցադրությունները Երևանում դարձել են բարի ավանդույթ՝ հանդիսանալով մշակութային համագործակցության ամրապնդման և ստեղծագործական համագործակցության զարգացման ևս մեկ քայլ։
Փառատոնը բացվում է հայտնի հեքիաթի ժամանակակից էկրանավորմամբ՝ «Բուրատինո» ֆիլմով։ Ծրագրում ընդգրկված են ռուսական կինոյի վառ պրեմիերաներ, որոնք պատմում են սիրո, հաղթանակների և բացահայտումների մասին։ Հատուկ տեղ են զբաղեցնում երեխաների և ընտանիքների համար նախատեսված ֆիլմերը»։
«РОСКИНО»-ի գլխավոր տնօրեն Էլզա Անտոնովան հավելել է.
«Մեծ պատիվ է մեզ համար ներկայացնել ռուսական կինոյի հարուստ և բազմազան գունապնակը Հայաստանի հանդիսատեսին։ Ցուցադրությունների ծրագիրը ձևավորվել է՝ հաշվի առնելով ամենալայն լսարանի հետաքրքրությունները, արկածային ֆիլմերի սիրահարներից մինչև խորքային դրամատուրգիայի գնահատողներ։ Այսօր ռուսական կինոն ակտիվորեն զարգանում է, և նման փառատոնները լավագույն հարթակն են՝ ներկայացնելու դրա նոր ձեռքբերումները»։
Փառատոնի շրջանակում բոլոր ցուցադրությունները կլինեն անվճար և կանցկացվեն Կինոմոսկվայում։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը.
- «Բուրատինո»(2025, ռեժ. Իգոր Վոլոշին) — Ալեքսեյ Տոլստոյի հայտնի հեքիաթի գունեղ և ժամանակակից էկրանավորում
- «Ամուսնուդ բարև»(2025, ռեժ. Անտոն Մասլով) — կատակերգական մելոդրամա՝ երջանկության ճանապարհին ձևավորվող բարդ հարաբերությունների մասին
- «Առաջինը Օլիմպոսում» (2025, ռեժ. Արտեմ Միխալկով) — կենսահաստատող սպորտային դրամա օլիմպիական չեմպիոն Յուրի Տյուկալովի կայացման մասին
- «Բժիշկ Դինոզավրովը»(2025, ռեժ. Մաքսիմ Վոլկով) — հետաքրքիր անիմացիոն ֆիլմ դպրոցական Ֆիլ Դինոզավրովի արկածների մասին
- «Հյուսիսային բևեռ»(2025, ռեժ. Ալեքսանդր Կոտտ) — արկածային պատմություն մարդկային ոգու և տեխնոլոգիաների հաղթանակի մասին՝ պատմելով, թե ինչպես ատոմային սուզանավը պատմության մեջ առաջին անգամ հասավ Հյուսիսային բևեռին՝ սառցե շերտերի տակ անցնելով։
Ցուցադրությունների ժամանակացույց՝
Փետրվարի 20-ին (ուրբաթ)
14:30 - «Բժիշկ Դինոզավրովը»
17:00 - «Բուրատինո»
Փետրվարի 21-ին (շաբաթ)
12:30 - «Առաջինը Օլիմպոսում»
15:00 - «Ամուսնուդ բարև»
Փետրվարի 22-ին (կիրակի)
18:00 - «Հյուսիսային բևեռ»


