հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տեղի ունեցավ Կարեն Բեքարյանի «Ճոճանակ․ Արցախյան հակամարտություն՝ 30 տարվա աղմուկը և լռությունը, բանակցություններ և ոչ միայն» գրքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ Կարեն Բեքարյանի «Ճոճանակ․ Արցախյան հակամարտություն՝ 30 տարվա աղմուկը և լռությունը, բանակցություններ և ոչ միայն» գրքի շնորհանդեսը

«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը նոր աշխատություն է  հեղինակել՝ «Ճոճանակ․  Արցախյան հակամարտություն՝ 30 տարվա աղմուկը և լռությունը, բանակցություններ և  ոչ միայն…»։ Գրքի շնորհանդեսն այսօր տեղի է ունեցել Երևանում։

Գիրքը բաղկացած է 7 գլխից, ընթերցողին հնարավորություն է տրված մանրամասն տեղեկանալ Արցախի շուրջ ծավալված բոլոր իրադարձություններին ու գործընթացներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ամբողջ ընթացքի մասին արժեքավոր տեղեկություններով զինվել։

Ունիկալ հրատարակությունում ընդգրկված են բոլոր իրադարձությունները՝ սկսած 1988-ից, մինչև 2022-ի նոյեմբեր։ Գիրքը հետաքրքրիր ոճով է շարադրված՝ այն զրույց է երկու սերունդների միջև՝  զրույց քաղաքագետներ Աննա Կարապետյանի և Կարեն Բեքարյանի միջև։

Գիրքը նաև յուրահատուկ  ուսումնական ձեռնարկ է՝ հագեցած փաստարկներով, քաղաքագիտական մոտեցումներով ու վերլուծություններով։ Գրքի լույսընծայման գործում իր աջակցությունն է ցուցաբերել նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։

«Գիրքն արժեքավոր աշխատություն՝ է հասկանալու համար, թե մեր երկու պետությունները, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը Արցախյան հիմնահարցի կարգավորման պրոցեսի ժամանակ ինչի միջով են անցել, ինչ մարտահրավերներ են կարողացել հաղթահարել և դրանցից  որոնք են տակավին մնում ակտուալ։ Ի վերջո, ունեցանք այն ձեռնարկը, որի վրա հենվելով՝ կարող ենք ճանաչել մեր շատ մոտ  անցյալը»,- շնորհանդեսի ժամանակ ասաց «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ ներկայացնելով վերլուծաբան Կարեն Բեքարյանի հեղինակած աշխատությունը։

«Գրքի ստեղծման գաղափարից մինչև այն հրատարակելը շատ մեծ ճանապարհ ենք անցել, 2 տարուց ավելի։ Պրոֆեսիոնալ քաղաքագետի հարցազրույցը՝ նյութը տիրապետողի կողմից հարցերի հնչեցումը և պրոցեսը 30 տարուց ավելի դրսից ու  ներսից պատկերացնող մարդու պատասխանները հնարավորություն են տվել իսկապես մատչելի զրույցի ձևով, առանց կաղապարների ընթերցողին հասու դարձնել հիմնական  իմաստն ու ուղերձները, շատ դեպքերում՝ հարցերի, շատ դեպքերում՝ պատասխանների ձևով»,- նշեց Արմեն Մինասյանը։

Քաղաքագետն ընդգծեց՝   գրքի ոճն ու  ձևաչափն ավելի մատչելի է դարձնում մատուցվող նյութը, ուստի արցախյան խնդրով հետաքրքրվածներին շատ օգտակար կլինի ծանոթանալ դրա բովանդակությանը: 

  • Կիսվել: