շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը վերաճանաչվել է ֆրանսիականին համարժեք

ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը վերաճանաչվել է ֆրանսիականին համարժեք

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը, ուսումնասիրելով և փորձաքննության ենթարկելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ վերջին տարիների ընթացքում իրականացրած կրթագիտական գործունեությունը և բարեփոխումները, վերաճանաչել է ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը՝ ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք: Այն վավեր է՝ 2023 թվականից մինչև 2027-ը ներառյալ:

Ճարտարապետի պետական դիպլոմը թույլ է տալիս դիպլոմավորված շրջանավարտին Ֆրանսիայում գործունեություն ծավալել որպես աշխատող, ինչպես նաև հնարավորություն ընձեռում գրանցվել մասնագիտական դասընթացի ճարտարապետի պետական դիպլոմ ունեցող սեփական նախագիծ իրականացնելու լիցենզիա ստանալու համար: Պետության կողմից շնորհված այս լիցենզիան թույլ է տալիս տիտղոսակրին գրանցվել ճարտարապետների միությունների տարածաշրջանային ցանկում՝ նպատակ ունենալով իրականացնել ճարտարապետի մասնագիտական գործունեություն: Այս լիցենզիան ստանալու համար վերապատրաստումը կարելի է իրականացնել Ֆրանսիայի ազգային բարձրագույն ճարտարապետական որևէ դպրոցում, Փարիզի ճարտարապետական հատուկ դպրոցում և Ստրասբուրգի կիրառական գիտությունների ազգային ինստիտուտում: Ճարտարապետներն իրենց մասնագիտական գործունեությունը լիիրավ կարող են իրականացնել ֆրանսիացի գործընկերների իրավունքներին հավասարազոր:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարության կողմից ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը ստացել է պետական ճանաչում 1994թ-ից, որը, ըստ սահմանված կարգի, 5 տարին մեկ անցնում է վերաճանաչման գործընթաց։

  • Կիսվել: