Թբիլիսիում կայացել է Սերգեյ Փարաջանովին նվիրված միջազգային փառատոնը
Սեպտեմբերի 25-28-ին Թբիլիսիի Սանդրո Ախմետելիի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված կամերային և մոնո ներկայացումների «Թբիլիսյան նռներ» միջազգային փառատոնը, հայտնել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, գրում է aliq.ge-ն:
Թատրոնի նախաձեռնությամբ՝ փառատոնն անցկացվել է Թբիլիսիի քաղաքապետարանի, Վրաստանում ՀՀ դեսպանության և մի շարք հովանավորների աջակցությամբ։
Հաղորդագրության համաձայն՝ «Թբիլիսյան նռներ»-ն այս տարի հյուրընկալել է 7 պետությունների հեղինակավոր թատրոնների, որոնք ներկայացել են խաղացանկի լավագույն ներկայացումներով և անվանի դերասանների խաղարվեստով։
Փառատոնի քառօրյա ընթացքն ուղեկցվել է «Խոստովանություն․ ես՝ Սերգեյ Փարաջանովը» ներկայացման ձևավորման հեղինակ, նկարչուհի Իռենա Օհանջանովայի կտավների և լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարների շարքի ցուցադրությամբ։


