Թբիլիսիում կայացել է Փարաջանովի անվան ստեղծագործական մրցույթի մրցանակաբաշխությունը
Այսօր` հունվարի 21-ի ժամը 18։00-ին, Թբիլիսիի քաղաքային խորհրդի Թամար թագուհու անվան սրահում բացվեց Սերգո Փարաջանովի անվան ստեղծագործական մրցույթի մասնակիցների ցուցահանդեսը, և կայացավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, գրում է aliq.ge-ն:
Ցուցահանդեսում ներկայացված էին գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքներ: Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացուցիչներ, արվեստի ոլորտի գործիչներ, արվեստասերներ և այլ հյուրեր:
Մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեցին պատվոգրեր և մրցանակներ լավագույն աշխատանքների հեղինակներին: Դեսպան Սմբատյանն իր ելույթում ընդգծեց մշակութային կապերի ամրապնդման և երիտասարդ տաղանդների խրախուսման կարևորությունը՝ նշելով, որ Սերգո Փարաջանովի անունը հավերժ կմնա հայ և համաշխարհային մշակույթի պատմության մեջ:
Մրցույթին աջակցել են Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, Իլիայի պետական համալսարանը, Ապոլոն Քութաթելաձեի անվան գեղարվեստի պետական ակադեմիան, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը, Վիրահայոց թեմը, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը և Թբիլիսիի սակրեբուլոն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:



