շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թանգարաններում ներդրվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ. Հատկացվեց 49 մլն դրամ

Թանգարաններում ներդրվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ. Հատկացվեց 49 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարությանը 2023-ի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 49,010.0 հազար դրամ գումարի չափով՝ թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար:

Վերոնշյալ նպատակով նախագծով նվազեցվում է 2023-ի պետական բյուջեով նախատեսված Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման համար նախատեսված գումարի մի մասը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ԿԳՄՍՆ-ն երկփուլ մրցույթ է հայտարարել, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Վեբէքս Թեքնոլոջիս» ՍՊԸ-ն: Վերջինիս հետ 10.07.2023թ.-ին կնքվել է պայմանագիր, որի գործողության ժամկետը լրանում է 2024թ.-ի հունվարի 10-ին:

Նախատեսվում է ստեղծել և ներդնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ: Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից.

Տոմսերի վաճառքի համակարգ. Համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, կապահովվի կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն:

Մուտքի հասանեիության վերահսկման և կառավարման համակարգ. Այս համակարգը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման և կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման համար, ինչպես նաև առցանց հերթագրման համար և այլն: Համակարգն իրենից ենթադրում է հայալեզու կայք:

Պայմանագրով նախատեսվել է ծառայությունը մատուցել երկու փուլով՝ ծրագրի ստեղծում և ներդրում և մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի տեղադրում: Առաջին փուլը նախատեսվում է ավարտել ս.թ.-ի դեկտեմբերի 10-ին, իսկ երկրորդ փուլի համար անհրաժեշտ գումարը կնախատեսվի 2024թ.-ի բյուջետային հայտում:

  • Կիսվել: