երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Տաղ, հոգու ճանապարհ»․ նոր հոգևոր երաժշտական ֆիլմ՝ Հարության տոնին ընդառաջ

«Տաղ, հոգու ճանապարհ»․ նոր հոգևոր երաժշտական ֆիլմ՝ Հարության տոնին ընդառաջ

Կես տարի տևած նկարահանումներից հետո «Տաղ, հոգու ճանապարհ» հոգևոր երաժշտական ֆիլմը էկրանին է: «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ֆիլմը նկարահանել է միջնադարյան հոգևորական, երաժիշտ Գրիգոր Նարեկացու բացառիկ տաղերի հիման վրա:

Ֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է, սցենարի համահեղինակն ու մենակատարը՝ Վահե Բեգոյանը: Մենակատարից բացի ֆիլմում Նարեկացու յոթ տաղերը կարդում են յոթ հայտնի դերասաններ՝ Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան և Սամվել Թոփալյանը:

Նկարահանումների ընթացքում ստեղծագործական թիմը եղել է խորհրդանշական 7 վանքերում։

Ռեժիսոր Վահե Յանի խոսքով դերասաներն անմիջապես համաձայնել են՝ ստանալով ֆիլմում նկարահանվելու առաջարկը. «Հանդիպեցինք դերասանների հետ, մտավախություն կար մերժում ստանալու, բայց երբ իմացան նախագծի մասին անմիջապես համաձայնեցին»: Դերասան Շանթ Հովհաննիսյանը մտահղացումը համարում է հետաքրքիր ու գրավիչ. «Հոգևոր կտավ պետք է ներկայացվեր, արտիստները հոգու պարտքն են համարել մասնակից դառնալ էս կտավին»: Ըստ սցենարի համահեղինակ, մենակատար Վահե Բեգոյանի՝ նկարահանումներն անցել են էքստրեմալ պայմաններում. «Դրվագներից մեկում ես ոտաբոբիկ քայլում եմ ձյան վրայով, ահավոր ցուրտ էր, ոտքերս ցրտից սառել էին, և դուք պետք է տեսնեիք, թե օպերատորն ինչպես էր շփում ոտքերս, որ չցրտահարվեին»:

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆիլմի փակ դիտումից հետո հայտնեց իր կարծիքը. «Փայլուն ֆիլմ էր, փայլուն աշխատանք էր և այլ կերպ լինել չէր կարող, Նարեկացի է ախր։ Մեր հոգևոր երաժշտությունը, Վահե Բեգոյանի հրաշալի կատարումը, Վահե Յանի էսթետիկան, Արայի մոնտաժը․ գիտեմ էս թիմը»:

«Նարեկացին հազար տարի անց ներկայացվում է այսօրվա ծանոթ մարդկանց միջոցով, աչքերով, զգացողությամբ»,- նշեց «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի խոսնակ Արթուր Բախտամյանը:

Սցենարիստ, պրոդյուսեր Դիաննա Գրիգորյանի խոսքով՝ Նարեկացու տաղը հոգու ճանապարհ է մարդկանց համար. «Այն մի բարոյական օրենսգիրք մատյան է, որին մոտենալով միանգամից կարող ես պատկերացում կազմել, թե ով է Աստված։ Սա հոգու մաքրության, սրբագրման երեկո էր»:

Հոգևոր, երաժշտական այս բացառիկ Ֆիլմի բոլոր 4 դիտումներն անցել են լեփ լեցուն դահլիճում: Ֆիլմի մտահղացման հեղինակն Արտակ Ալեքսանյանն է, գործադիր պրոդյուսերը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի նախագահ Արթուր Ջանիբեկյանը: Ֆիլմը Հարության տոնին՝ ապրիլի 9-ին, կցուցադրվի նաև Արմենիա հեռուստաընկերության եթերում, երեկոյան 19.30-ին:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: