երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սկսվել է 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

Սկսվել է 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «1115․Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակներում ընդունում է հայտեր 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

Որպես դասընթացավարներ հանդես են գալիս ՀՀ-ում երիտասարդության դաշտում բազմաթիվ տարիների աշխատանքային փորձառություն ունեցող, ինչպես նաև՝ իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող անձանց համար, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես, դասընթացին մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել՝

գործող երիտասարդական կենտրոնների աշխատողները,
մարզպետարանների և համայնքապետարանների՝ երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող աշխատողները,
երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների աշխատակիցներ կամ կամավորներ
սոցիալական աշխատողները, մշակույթի տան կամ գրադարանի աշխատողները, որոնց աշխատանքը գործնականում ի պաշտոնե կամ փաստացի ուղղված է երիտասարդության ներուժը բացահայտելու և իրացնելու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը։
Դասընթացն իրականացվելու է երեք փուլով՝

առաջին փուլ՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-8,
երկրորդ փուլ՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-8,
երրորդ փուլ՝ 2023 թվականի նոյեմբերի 6-8:
Փուլերի միջև ընկած ժամանակահատվածում դասընթացի մասնակիցների հետ անհատական աշխատանքներ կիրականացնեն դասընթացավարները։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

 

բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ,
երիտասարդության ոլորտում առնվազն 1 (ցանկալի է 3) տարվա փորձառությունը հավաստող տեղեկանք,
կամավորական աշխատանքի փորձառությունը հավաստող տեղեկանք,
ինքնակենսագրական,
հետաքրքրության նամակ՝ ըստ կից ներկայացվող ձևաչափի (առավելագույնը՝ 200 բառ):
Դասընթացի մասնակիցների վերջնական ընտրությունը կատարվելու է Նախարարության կողմից, և դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան ներկայացված պահանջներին առավելապես համապատասխանող թեկնածուները։

Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի օգոստոսի 16-ը ներառյալ:

Հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ՝ [email protected] էլեկտրոնային փոստին:

 

Դասընթացի ավարտին տրվում է վկայական։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ավարտական վկայական կստանան այն մասնակիցները, ովքեր կմասնակցեն եռափուլ դասընթացի 80%-ին և կկատարեն անհատական աշխատանքների 80%-ը:

Դասընթացն անցկացվում է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի ««Երիտասարդական աշխատանք» վերապատրաստման լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը՝ որպես լրացուցիչ կրթության փորձնական մոդուլային ծրագիր հաստատելու մասին» N 2496-Ա/2 հրամանի, ինչպես նաև՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման ուղեցույցը հաստատելու մասին» N 2502-Ա/2 հրամանի։

Դասընթացն իրականացվում է 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի կազմակերպման նպատակով հայտարարված գնանշման հարցման ընթացակարգով հաղթող ճանաչված կազմակերպության կողմից։

  • Կիսվել: