Շատ լավ առաջընթաց ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին
Նախորդ տարի մենք մեծ ջանք ենք ներդրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ուղղությամբ: Պետք է ասեմ, որ շատ լավ առաջընթաց ունենք՝ մի փուլում ենք, որ հստակ պատկերացնում ենք իրականացման ռազմավարությունը՝ ինչը ինչից հետո և ինչպես ենք անելու այս մեծածավալ ծրագրի պարագայում: Դա, թույլ տվեք ասել, որ հաջողության շատ կարևոր հիմք է, որովհետև նման բազմաշերտ և խորքային ծրագրերն առանց ճիշտ նախապատրաստման և լավ իրականացման պլանի դատապարտված կլինեն ձախողման: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մեր գործընկերների մակարդակը, որոնք բոլորը միջազգային հեղինակավոր և փորձառու կազմակերպություններ են, մեզ տալիս է բոլոր հիմքերը՝ հասկանալու, որ առաջ գնալու ճանապարհին ենք, ընդ որում, պետք է նշեմ, որ նախորդող մեր աշխատանքներին այս տարի գումարվել է նաև Շոտլանդիայի կայսերական կոնսերվատորիայի հետ համագործակցությունը, որը բոլորովին վերջերս նույնպես սահմանեցինք:
Սա թույլ է տալու նաև երաժշտական ուղղությանը ամբողջական մոտեցում ցուցաբերել: Լոնդոնի արվեստների համալսարանի հետ կնքված պայմանագրին զուգընթաց՝ մյուս բուհերի հետ աշխատանքներն էլ ընթանում են: Արդեն իսկ հստակեցված է դասական համալսարանի հիմնական գործընկեր բուհը, որի շրջանակում բանակցում ենք Տարտուի համալսարանի հետ, և կարծում եմ՝ բավական լավ արդյունքներ կունենանք»,- հայտնեց Ժաննա Անդրեասյանը:
Ինչ վերաբերում է գիտության ոլորտի ֆինանսավորմանը՝ նշեց՝ արդյունքներն արդեն տեսանելի են որակական մակարդակում:
ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց՝ նախարարությունը սկսել էր սարքավորումների տրամադրման առանձին ծրագրեր:
«Կապիտալ ծախսը գիտության ոլորտում մի բան է, որը պետության կողմից երբեք սիստեմատիկ չէր արվել, և Կառավարության ծրագրի շրջանակներում է, որ ներդրվել է այս ծրագիրը: Մենք այսօր տեսնում ենք արդյունքները, որ մեր գիտության մրցունակության աճի տեսքով է առաջին հերթին»,- ավելացրեց նախարարը:
Նա հայտնեց նաև, որ միայն ԵՊՀ-ում շուրջ 3 միլիարդ դրամի ներդրում է արել պետությունը:
«Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ մեր գիտնականները մնում են մեր երկրում՝ անելու իրենց աշխատանքը, և մեզ մոտ գալիս են նաև գիտնականներ դրսից»,- հայտնեց Անդրեասյանը: