ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շարունակվում են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները

Շարունակվում են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները

  Գյումրիում շարունակվում են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները:

Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Համայնք-կառավարություն (55-45% հարաբերակցությամբ) սուբվենցիոն ծրագրով պատշգամբի վերանորոգման համար հատկացվել է մոտ 12 մլն դրամ։

Աշխատանքներն իրականացնում է «Շինարար 97» կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են հենասյունները,  բազրիքները և պատշգամբի տանիքը:

«Թեև պատշգամբը համեմատաբար նոր էր՝ ի տարբերություն 19-րդ դարի բուն շինության, սխալ տեխնիկական աշխատանքների  պատճառով վերջին տարիներին դարձել էր վթարային: Մոտ հինգ տարի ստիպված էինք փակ պահել դեպի պատշգամբ տանող դռները՝ վթարայնության պատճառով»,-հայտնեց  պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բարսեղյանը՝ տեղեկացնելով, որ պատշգամբը նորոգվում է՝ պահելով հին տեսքը։

Շինությունը, որտեղ գտնվում է պատկերասրահը, կառուցվել է 1880 թվականին՝ մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի Քեշիշովների ընտանիքի կողմից՝ որպես իրենց բնակարան։ Պատկերասրահի շենքը 19–րդ դարի ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է՝ ներքին բակով և պատշգամբով, որն, ըստ հին լուսանկարների, փայտյա չի եղել: 19-րդ դարի ճարտարապետության վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «Կումայրի արգելոց թանգարան»-ի մեջ՝ անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը։       

  • Կիսվել: