չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սերյան Մինասյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սերյան Մինասյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ՔՖԻ) տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին:

Սեյրան Մինասյանը ներկայացրեց  իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ում իրականացված աշխատանքները և նախատեսվող զարգացման ծրագրերը: Ինստիտուտը 3 տարվա ընթացքում ստացել է շուրջ 30 դրամաշնորհ ու ծրագրային պատվեր։ Ինստիտուտի բյուջեն աճել է 4-5 անգամ։ Վերազինվել է ինստիտուտի գիտահետազոտական բազան և ենթակառուցվածքը։ Ինստիտուտի գիտական անձնակազմն երիտասարդացել է։

Առաջիկա տարիներին ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ում իրականացվելիք միջոցառումների մասին Սեյրան Մինասյանը նշեց, որ նախատեսվում է Բարձր էներգիական նյութերի և պրոցեսների ուսումնասիրության նոր լաբորատորիայի ստեղծում, Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի հետ բազային 2 լաբորատորիաների ստեղծում, ինչը հնարավորություն կտա իրականացնել համատեղ գիտակրթական ծրագրեր: Նախատեսվում է նաև արտերկրից գիտնականների ներգրավմամբ 3-4 նոր լաբորատորիաների և խմբերի ստեղծում, գիտական հաշվողական երկու հանգույցի ստեղծում։

Սեյրան Մինասյանը ծնվել է 1963թ.՝ ՀՀ Գյումրի քաղաքում: 1985թ․ավարտել է Երևանի պետական համալսարանի Քիմիայի  ֆակուլտետը` ստանալով քիմիկոսի որակավորում: 1988թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան՝ կինետիկա և կատալիզ մասնագիտությամբ: 1988-1991թթ. աշխատել է ԳԱԱ ՔՖԻ-ի Հեղուկաֆազ ազատ ռադիկալային ռեակ­ցիա­ների լաբորատորիայում՝ որպես ավագ լաբորանտ, այնուհետև որպես գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող: 1991-1992թթ. եղել է Գյումրի քաղաքի Շիրակի շրջանի շրջանային խորհրդի նախագահի տեղակալը: 2004-2013թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարու­թյան «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում` որպես զարգացման սեկտորի պետ, գիտարտադրական սեկտորի պետ, տնօրենի տեղակալ գիտարտադրական հարցերով: 2018թ-ից ՀՀ ԳԱԱ ՔՖԻ քիմիա­կան անվտանգության ֆիզիկա-քիմիական հիմնահարցերի գիտական խմբի ղեկավարն է: 2019թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ի տնօրեն:

Սեյրան Մինասյանը շուրջ 120 գիտական աշխատանքի հեղինակ է: Մասնակցել է 4 միջազգային գիտական դրամաշնորհային և մոտ 20 միջազգային փորձագիտական և խորհրդատվական ծրագրերի:

  • Կիսվել: