Սերգեյ Սմբատյանի ղեկավարած նվագախումբն ու Յոզեֆ Կալեյան փայլուն ներկայացան InClassica փառատոնին
InClassica երաժշտական խոշորագույն իրադարձությունը, որը դասական արվեստի երկրպագուներին տարիներ շարունակ հնարավորություն է տալիս վայելելու աշխարհի լավագույն երաժիշտների, նվագախմբերի կատարումներն, այս տարի հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ամենազարգացած քաղաքներից մեկում՝ Դուբայում:
Երաժշտասերները փառատոնի շրջանակում հնարավորություն ունեցան Դուբայի Coco-Cola Arena-ում գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ունկնդրելու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և ճանաչված տենոր Յոզեֆ Կալեյայի կատարումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին հնչեցին աշխարհահռչակ կոմպոզիտորներ Վերդիի, Բիզեի, Պուչինիի, Գունոյի, Մորիկոնեի և այլ ականավորների ստեղծագործություններ: Հանդիսատեսը, որը բուռն ծափողջույններով էր արձագանքում բոլոր կատարումներին, համերգի ավարտին դոփյուններով «բիս» էր պահանջում, իսկ արտիստները կրկին ու կրկին բեմ էին վերադառնում:
Համերգից հետո լրագրողների հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Յոզեֆ Կալեյան Մալթայի ամենահայտնի երգիչներից է և նվագախմբի լավագույն ընկերը:
«Մեծ պատիվ է ներկայացնել նվագախումբը բարձր մակարդակով կազմակերպված փառատոնում, որի շրջանակում աշխարհի լավագույն նվագախմբերն են ելույթ ունեցել և դեռ ունենալու են. շատ հետաքրքիր է ու պատասխանատու, քանի որ Մալթայի ֆիլհարմոնիկն առաջին անգամ է հանդես գալիս Դուբայում»,-խոստովանեց դիրիժորը:
Նա հիշեցրեց, որ փառատոնին մասնակցել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Սիմֆոնիկը նվագակցել է փառատոնի շրջանակում անցկացվող Classic Piano միջազգային մրցույթի 3-4-րդ փուլերը: Ութ համերգ են նվագակցել: Իններորդ համերգին ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ Դուբայի օպերային թատրոնում հնչեցրել են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որը ևս «բրավոներով» է ընդունվել:
Սմբատյանի համոզմամբ՝ InClassica փառատոնը փոխում է պատկերացումը դասական ակադեմիական արվեստի մասին: Փառատոնին համերգային ծրագրեր են կազմակերպվում ոչ միայն երեկոյան, այլև ցերեկը՝ երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ:
Ըստ Սմբատյանի՝ InClassica-ն մեծամասշտաբ միջոցառում է, որը մեկ հարկի տակ է համախմբել աշխարհում պահանջված արտիստների, որոնցից են Միշա Մայսկին, Մաքսիմ Վենգերովը, Յոզեֆ Կալեյան և այլք: Նրա խոսքով՝ այդ հանգամանքը կարող է նպաստել Դուբայում դասական արվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Համերգները փաստում են, որ հանդիսատեսը նոր է, բայց հուզական է ու պատրաստ է լիարժեք ընդունել դասական արվեստն ու նրա մասը դառնալ:
Տենոր Յոզեֆ Կալեյան, որը շատ ոգևորված էր երաժշտասերների ջերմ ընդունելությունից, շեշտեց՝ երգում է, որպեսզի մեծ բավականություն պատճառի մարդկանց:
«Ավելի լավ բան չկա, քան տեսնել, թե ինչպես է հանդիսատեսը հրճվում և վայելում երաժշտությունը: Իհարկե, կարևոր է երգչի արտիստիզմը, կատարողականությունը, սակայն ամենաէական բանը հանդիսատեսին զգալն է, հակառակ դեպքում ամեն ինչ կփչանա»,-հավաստիացրեց երգիչն ու հավելեց, որ տարիներ առաջ Դուբայում դասական երաժշտությանը վերաբերող միջոցառումներ գրեթե չկային, սակայն, հնարավոր է՝ առաջիկայում քաղաքը դասական երաժշտության առաջատարներից մեկը դառնա, ինչին կարող է նպաստել InClassica փառատոնը:
Անդրադառնալով Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությանը՝ Կալեյան ասաց, որ հունիսին հենց Դուբայում են առաջին անգամ աշխատել:
«Ես հայերեն երգեցի, Սերգեյը շատ տպավորված էր իմ լավ արտասանությամբ, իսկ ես սիրահարվեցի այդ երաժշտությանը: Ո՞վ գիտի, գուցե հայկական երգեր սկսեմ կատարել և գուցե այցելեմ Հայաստան: Շատ սիրեցի Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը: Նրանում կիրք կա, զգացմունք, գեղեցիկ արտահայտություններ, և ես ցանկանում եմ ավելի շատ բացահայտել հայկական երաժշտությունը»,-եզրափակեց Յոզեֆ Կալեյան: