Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» հայտնվել է կորեական կինովարձույթի լավագույն տասնյակում
Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը հիսունվեց տարի անց ցուցադրվել է Հարավային Կորեայում և ցուցադրման առաջին շաբաթվա ընթացքում հայտնվել է կորեական կինովարձույթի լավագույն տասնյակում։
Այս մասին հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։
«Կորեայում ֆիլմի ընդհանուր հավաքը կազմել է շուրջ 160 հազար ԱՄՆ դոլար: Հայկական կինոյի այս բացառիկ ստեղծագործությունը շարունակում է նորովի բացահայտվել միջազգային մշակութային միջավայրում՝ ներգրավելով նոր լսարաններ և հաստատելով իր կայուն ներկայությունը համաշխարհային կինոարվեստում։ Բեռլինի կինոփառատոնում MK2 -ի մեր գործընկերները Հայաստանի կինոյի հիմնադրամին են նվիրել «Նռան գույնը» ֆիլմի կորեական կինովարձույթի համար պատրաստված պաստառը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆիլմը վերականգնվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, The Film Foundation World Cinema Project-ի և Fondazione Cineteca di Bologna-ի համագործակցությամբ։


