ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ս. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Ս. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Հունիսի 27-ին և 28-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի աջակցությամբ, կազմակերպվեցին Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։

Հունիսի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ «Ներսես Շնորհալի՝ Հրեշտակ երկնավոր» վերնագիրը կրող գիտաժողովը, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը։

Նույն օրը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայությամբ կայացավ Ներսես Շնորհալուն նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը, որի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ցուցադրվում են Մատենադարանի կողմից տրամադրված պատկերազարդ ձեռագրերի թվային պատճեններ։

Արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Ֆիրմին Մատոկոն։

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումները եզրափակվեցին հունիսի 28-ին կայացած հանդիսավոր արարողությամբ, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդո Ֆիրմին Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը միջոցառման մասնակիցներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքը:

Դեսպան Տեր-Ստեփանյանն իր ելույթում, մասնավորապես ընդգծեց․ «Ճակատագրի բերմամբ, այսօր այս հիշատակի արարողությունը կազմակերպելով, մենք միևնույն ժամանակ ստիպված ենք հիշատակել մեկ այլ ամսաթիվ, որը տխրություն և վրդովմունք է առաջ բերում։

Արդեն 200 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը կրում են Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքները։ Հիշենք իրենց հիմնարար իրավունքներից զրկված հայերին, այդտեղ ապրող 30 000 երեխաներին, որոնք ապրում են մոտալուտ հումանիտար աղետի պայմաններում, ինչն էլ կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը»։

Տեղեկանք․ Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2022-2023թթ. օրացույցում։

  • Կիսվել: