չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քննարկվել է Էրեբունի թանգարանում Էրմիտաժի անկյուն ստեղծելու հեռանկարը և Էրմիտաժում՝ Էրեբունիում պահվող արտեֆակտներ ցուցադրելու հանգամանքը

Քննարկվել է Էրեբունի թանգարանում Էրմիտաժի անկյուն ստեղծելու հեռանկարը և Էրմիտաժում՝ Էրեբունիում պահվող արտեֆակտներ ցուցադրելու հանգամանքը

Փետրվարի 13-14-ը  աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում էր գտնվում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Փետրվարի 13-ին Մ. Բադալյանին անձամբ ընդունել է Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին:

«Էրեբունի» ՊՀԱԹ-ի հաղորդմամբ, տեղի ունեեցած հանդիպման ժամանակ շեշտվել է Պետական Էրմիտաժի և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի միջև նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում առանձնացվել են ապագա համագործակցության հեռանկարները և կետերը:

Մասնավորապես, Պետական Էրմիտաժը կաջակցի Էրեբունի թանգարանին մասնագետների վերապատրաստման գործում, ՊՀԱԹ-ի վերականգնողները վերապատրաստում կանցնեն Պետական Էրմիտաժի հանրահայտ  լաբորատորիայում: «Արտիս Ֆուտուրա» ֆոնդի աջակցությամբ «Էրեբունի» ՊՀԱԹ-ը և Պետական Էրմիտաժը կտպագրեն Թեյշեբաինի խորագրով գրքույկ:

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժը կաջակցի Էրեբունի թանագարանի նոր, արդիականացված գրադարանի համալրմանը և զարգացմանը: Այս առումով շուտով Էրեբունի թանգարանի գրադարանը կհամալրվի  Էրմիտաժի կողմից տպագրված վերջին կարևորագույն  աշխատություններով  և կատալոգներով: Այս առումով նաև խոսվել է մասնագետների փոխանակման վերաբերյալ, բացի այդ քննարկվել է Էրեբունի թանգարանում Էրմիտաժի անկյուն ստեղծելու հեռանկարը  և Էրմիտաժում՝ Էրեբունի թանգարանում պահվող հնագիտական արտեֆակտներ ցուցադրելու  ապագա հանգամանքը:

Փետրվարի 14-ին «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Մ. Բադալյանը մասնակցել է ականավոր հնագետ, ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու հիշատակին նվիրված  գիտաժողովին, որտեղ հանդես է եկել Կարմիր բլուրի  2022թ. հնագիտական  պեղումների արդյունքներին նվիրված զեկույցով (համահեղինակներ՝ Յու. Մարչենկո, Վ. Սարգսյան, Մ. Ղալաչյան, Վ. Կունտներ, Ս. Հայշ, Ս. Մանուկյան, Ա. Եղիազարյան, Ն. Զարիկյան, Ս. Նահապետյան, Ռ. Հովսեփյան, Գ. Միքայելյան): Զեկույցը  շատ բարձր է ընդուվել Միխաիլ Պիոտրովսկու և ներկաների կողմից: Այս առումով շեշտվել է, որ այս տարի Կարմիր բլուրում իրականացվող պեղումների ընթացքում կավելանա ռուս մասնակիցների թիվը: 

 

  • Կիսվել: