ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ներսես Շնորհալին իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայոց միջնադարի հոգևոր պատմության մեջ. Ժաննա Անդրեասյան

Ներսես Շնորհալին իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայոց միջնադարի հոգևոր պատմության մեջ. Ժաննա Անդրեասյան

Հունիսի 28-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված եզրափակիչ միջոցառումը՝ «Հովեր» երգչախմբի համերգը։

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ համերգին ներկա էին ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչներ, քույր եկեղեցիների հոգևոր հայրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդո Ֆիրմին Մատոկոն, ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը միջոցառման մասնակիցներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ  Ս. Ներսես Շնորհալին իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայոց միջնադարի հոգևոր պատմության մեջ. «Չափազանց հարուստ, բազմաժանր ու բազմաբովանդակ է Շնորհալու գրական ու աստվածաբանական ժառանգությունը: Շնորհալին հայ քնարերգության մեջ մի շարք ժանրերի հեղինակ է և ամենամեծ շարականագիրն է: Ներսես Շնորհալին հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, կատարելագործել է հոգևոր երգերի եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը»:

Նախարարի նշմամբ՝ Հայրապետին նվիրված այս արարողությունն ավելին է, քան հանդիսությունը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝  ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերները, ռազմական ընդհարումների ժամանակ մշակութային համամարդկային արժեքների՝ հազարամյա կոթողների փաստացի ոչնչացումը այլ խորհուրդ են հաղորդում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված Ներսես Շնորհալու հիշատակի միջոցառումներին. «Համոզված ենք, որ մշակութային, կրոնական ու հոգևոր արժեքների անձեռնմխելիությունը պետք է բարձրագույն և անխախտ սկզբունք լինի բոլոր ազգերի ու պետությունների համար։ Աշխարհաքաղաքական ալեկոծումները, քաղաքական հակասությունները և ռազմական ընդհարումները չեն կարող սպառնալիք լինել այնպիսի արժեքների համար, որոնց ստեղծումն ու պահպանումը հազարավոր սերունդների հոգևոր սխրագործության ու հումանիստական արժեքների բարձր գիտակցության դրսևորում են։ Սուրբ Ներսես Շնորհալուն նվիրված այս միջոցառումն այնպիսի բարձր միջազգային հարթակում, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանն է, մեզ համար ունի մշակութային ժառանգության պահպանման համընդհանուր պատասխանատվության ուղերձի նշանակություն,- նշել է ԿԳՄՍ նախարարը և շարունակել,- ի՞նչ կմնար Ներսես Շնորհալու ժառանգությունից, եթե այդ ժառանգության հետ վարվեին այնպես, ինչպես այսօր վարվում են Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության հետ՝ ոչինչ...»:

Ավարտելով խոսքը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպիչներին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը նման հնարավորություն ստեղծելու և միջոցառման կայացմանն աջակցելու համար։

Միջոցառման բացման բանախոսներն արժևորել և կարևորել են Ներսես Շնորհալու ստեղծագործական ժառանգությունը, նրա դերակատարությունը համաքրիստոնեական արժեքների տարածման գործում։

Ողջույնի խոսքերին հետևել է համերգային ծրագիրը, որը կազմված էր հայ հոգևոր միջնադարյան շարականների, Կոմիտասի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Երգչախումբը ներկայացրել է նաև եվրոպական հոգևոր երաժշտություն։ Համերգն ուղեկցվել է թեմատիկ տեսաշարով։

  • Կիսվել: