երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն Ջաջուռ

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն Ջաջուռ

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի նիստերի դահլիճից կտեղափոխվեն Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան («Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ):

Որմնանկարների տեղափոխման աշխատանքները սկսվել են գարնանը, և այդ նպատակով մշակվել է որմնանկարների՝ տեղում ապամոնտաժման, մասնատման, տեղափոխման և նոր վայրում վերականգնման սխեմատիկ նախագիծ:

Որմնանկարների՝ Մինաս Ավետիսյան թանգարան տեղափոխումն ու վերականգնումը պայմանավորված է նշյալ գործերը հանրայնացնելու անհրաժեշտությամբ: Այն հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում՝ հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ, ինչպես նաև հանրության համար հնարավորություն կստեղծվի թանգարան այցելելով՝ տեսնել որմնանկարները:

Նշված աշխատանքների ֆինանսավորման նպատակով սխեմատիկ նախագծի հիման վրա կազմվել է նախահաշիվ (փորձաքննված), ապա սահմանված կարգով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականի հունիսի 27-ին բաց ընթացակարգով հայտարարել է որմնանկարների ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթ։ Մրցույթի վերջնաժամկետը 2025 թ․ հուլիսի 1-ն է:

Հիշեցնենք, որ  Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները ՀՀ կառավարության 2010 թ․ հունիսի 17-ի N 734-Ա որոշման համաձայն՝ Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի նախկին ճաշարանի շենքից տեղափոխվել են ՀՀ կառավարական N 1 շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճ և վերականգնվել՝ 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով անմխիթար վիճակից փրկելու նպատակով։

  • Կիսվել: