շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Միջազգային ճարտարապետական մրցույթ է հայտարարվել Արմավիրի մարզում կառուցվելիք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համար

Միջազգային ճարտարապետական մրցույթ է հայտարարվել Արմավիրի մարզում կառուցվելիք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համար

Արմավիրի մարզում կառուցվելիք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի նախագծման համար ՔՈԱՖ-ը միջազգային ճարտարապետական մրցույթ է հայտարարել։ Աշխարհի տարբեր երկրների ճարտարապետներ կարող են ներկայացնել 90 հա մակերեսով ավանի մաս կազմող կրթական, մշակութային, զբոսաշրջային կառույցների՝ իրենց ինքնատիպ նախագծերը մինչեւ մայիսի 2-ը՝ այցելելով coaf.org/hy/smartarmavir կայքէջ։ Հաղթող նախագծերը կորոշվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որի անդամներ են աշխարհով մեկ հայտնի ճարտարապետներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։

Կառուցվելիք ՍՄԱՐԹ ավանը կլինի երկրորդը Հայաստանում՝ 2018թ. բացված Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանից հետո։ Մինչ օրս Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն են հաճախել շուրջ 3,000 երեխաներ ու երիտասարդներ՝ ուսանելու այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արվեստը, երաժշտությունը, լեզուները, ճարտարագիտությունը, ձեռներեցությունն ու աթլետիկան։ Լոռու ՍՄԱՐԹ ավանը, բացի գյուղաբնակ երիտասարդներին կրթական լայն հնարավորություներ ընձեռելը, զբոսաշրջության ու տնտեսական զարգացման կայուն հիմքեր է դրել մարզում՝ շնորհիվ Կոնցեպտ հյուրանոցի, զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոն հանդիսացող այցելուների կենտրոնի, ծառերի տնկարանի։ Այս ենթակառուցվածքներին շուտով կմիանա եւս մեկը՝ ՔՈԱՖ ՄԱՐԹ համագումարների կենտրոնը։

Արմավիրում նոր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի կառուցմամբ ՔՈԱՖ-ը վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի գյուղական համայնքները վերակառուցելու ու զարգացնելու առաքելությանը։ ՍՄԱՐԹ ավանի ու հայտարարված մրցույթի առանցքում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն է, որն իրենից ներկայացնում է տեխնոլոգիապես հագեցած, ոչ ֆորմալ կրթական հաստատություն, որը բազմաթիվ հնարավորություններից զուրկ գյուղաբնակ երիտասարդներին կառաջարկի բազմապրոֆիլ արտադպրոցական ծրագրեր։

ՍՄԱՐԹ կենտրոնն ու վերջինիս հարակից կարողությունների զարգացման ու սոցիալական ձեռներեցության հաստատությունները, որ խթանում են տարածաշրջանի տնտեսական զարգացումը, միասին կապահովի գյուղական համայնքների կայուն զարգացումը։

Երկրորդ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի միջազգային ճարտարապետական մրցույթի հայտարարմամբ Հայաստանի գյուղական համայնքների զարգացման նոր փուլ է սկսվում, քանի որ ՔՈԱՖ-ը ձգտում է զարգացնել Հայաստանի գյուղերը՝ երկրով մեկ ՍՄԱՐԹ ավաններ կառուցելով։ Իսկ Արմավիրն այն մարզն է, որտեղից ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր առաջին ծրագրերը։ Հիմնադրամը հրավիրում է աշխարհի տարբեր երկրների ճարտարապետներին՝ ներկայացնելու իրենց ստեղծարար լուծումները՝ ներդրում ունենալով Հայաստանի գյուղերում ապրող հազարավոր ընտանիքների կյանքի որակի փոփոխման գործում։

  • Կիսվել: