կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեր երկրում եղել են, կան ու կլինեն հեռանկարային նկարիչներ. Հայաստանի նկարիչների միությունը հետաքրքիր ծրագրեր ունի

Մեր երկրում եղել են, կան ու կլինեն հեռանկարային նկարիչներ. Հայաստանի նկարիչների միությունը հետաքրքիր ծրագրեր ունի

 Հայաստանի նկարիչների միությունը, պահպանելով ավանդույթները, տարվա ընթացքում իր հարկի տակ է համախմբելու տեղացի ու արտերկրից ժամանած երիտասարդ և բազմավաստակ ստեղծագործողների. կազմակերպելու է ցուցահանդեսներ, պլեներներ, վարպետության դասեր և այլ կարևոր միջոցառումներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասում է՝ աշխատում են ջանք  ու եռանդ չխնայել, որպեսզի կառույցը մշտապես ուշադրության կենտրոնում լինի:

«Ընթացիկ ցուցահանդեսներ շատ կլինեն, սակայն փետրվարի 8-ին բացվելու է «Վարկանիշային ցուցահանդես»-ը, որին մասնակցելու են միության անդամ չհանդիսացող արվեստագետները: Այս ցուցահանդեսն իրականանում է ժյուրիի մասնակցությամբ: Բոլոր նրանք, ովքեր կընտրվեն ժյուրիի կողմից, կստանան մեկ միավոր և, այդ միավորները հավաքելով, կկարողանան դիմել Հայաստանի նկարիչների միության անդամակցության համար: Հետո կմեկնարկի «Գարնանային սալոն»  ցուցահանդեսը, որի կազմակերպումն ավանդույթ է դարձել: Ցուցադրությանը մասնակցում են միայն միության անդամները»,-հիշեցնում է Սաֆարյանը:

2024-ին նախատեսվում են նաև հոբելյանական ցուցահանդեսներ. նշվելու են Վալենտին Պոդպոմոգովի, Վլադիմիր Սահակյանի, Լևոն Կոջոյանի, Ռուբեն Ադալյանի, Հաղթանակ Շահումյանի, Խաչատուր Ազիզյանի և այլ նկարիչների հոբելյաններ:

Իսկ այս օրերին Նկարիչների միություն այցելելով՝ հնարավոր կլինի ծանոթանալ երջանկահիշատակ Վահան Քոչարի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին, որում  ընդգրկված են Քոչարի՝ 15-ից  մինչև 71 տարեկանը ստեղծած կտավները:

Սուրեն Սաֆարյանը շատ է կարևորում համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Այդ կապն ամրապնդելու նպատակով միությունը նախաձեռնելու է միջազգային պլեներ-սիմպոզիում: Այն կանցկացվի հուլիսին Նկարիչների ստեղծագործական տանը, որը Սևանի ափին է՝ Շորժայում: Պլեներ-սիմպոզիումը, որին մասնակցելու են ութ երկրից նկարիչներ, կյանքի կկոչվի ՀՀ ԿԳՄՍ  նախարարության աջակցությամբ:

«Այս տարի մեր առաջ նպատակ ենք դրել միության մասնաճյուղերում  իրականացնել տարբեր նախագծեր, ցուցահանդեսներ, որ ակտիվացնենք մարզային մշակութային կյանքը: Շատ ծրագրեր կան, որոնց վրա աշխատում ենք, սակայն մինչև չեն հստակեցվում, նախընտրում եմ չխոսել դրանց մասին»,-ասում է միության նախագահն ու հավելում՝ նախատեսում են հյուրընկալել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության «Դարի վավերագրություն» խորագրով ցուցահանդեսը, որում հնարավոր կլինի տեսնել լուսանկարներ, որոնք անդրադառնում են երկրի կարևոր իրադարձություններին, ականավոր մարդկանց, ողբերգական և հաղթական դրվագներին:

Սաֆարյանը հավաստիացնում է՝ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր օրերում  նկարիչները ձգտում են անդամակցել Հայաստանի նկարիչների միությանը: «Շատ  մեծ ուշադրություն կա հատկապես երիտասարդների կողմից: Փետրվարի 8-ին կայանալիք «Վարկանիշային ցուցահանդես»-ին մասնակից նկարիչների իննսուն տոկոսը երիտասարդներ են:  Շատ հետաքրքիր աշխատանքներ են ներկայացնելու»,-նշում է նա և ընդգծում՝ միությունը խորհրդային շրջանում շատ հարուստ  ու հզոր կառույց է եղել: Այսօր չունի այն հնարավորությունները, որ ժամանակին եղել են, սակայն անում է հնարավորը՝  նշաձողը բարձր պահելու համար, իրականացնում է նախագծեր, որպեսզի հետաքրքրությունը կառույցի հանդեպ մեծանա, և Աբովյան 16 հասցեով անցնելիս մարդիկ Նկարիչների միություն  մտնելու ցանկություն ունենան:

Ցուցահանդեսների բացումները երբեմն այնքան մարդաշատ են լինում, որ դժվարանում ես ազատ շրջել ցուցասրահներում:

Սաֆարյանի խոսքով՝ կան մշտական այցելուներ, սակայն նրանց հաճախ միանում են այլ արվեստասերներ: «Մենք մեծ ընտանիք ենք և ունենում ենք այցելուներ նաև արտերկրից, ինչը մեզ շատ պարտավորեցնում է: Ուրախ ենք, որ մեր իրականացրած նախագծերն ուշադրության են արժանանում»,-ընդգծում է նա:

Սուրեն Սաֆարյանը դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում և վստահեցնում է, որ մեր երկրում միշտ եղել են, կան ու կլինեն երիտասարդ ու հեռանկարային նկարիչներ, քանի որ  հայ ազգը շատ տաղանդավոր է:

«Ուշիուշով եմ հետևում ոլորտի զարգացումներին ու կարող եմ ասել, որ հիանալի երիտասարդություն կա, ակտիվ նկարիչներ, որոնք մասնակցում են արտերկրում կազմակերպվող ցուցադրություններին: Ինչպես արդեն ասացի, իրականացնում ենք վարպետության դասեր, որոնց երիտասարդները սիրով են մասնակցում»,-եզրափակում է Սուրեն Սաֆարյանը:

  • Կիսվել: