երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մենք պատրաստ ենք Շուշիի գորգերի թանգարանի տնօրենի հետ քննարկումների՝ մեր առաջարկությունների հիման վրա․ փոխնախարար

Մենք պատրաստ ենք Շուշիի գորգերի թանգարանի տնօրենի հետ քննարկումների՝ մեր առաջարկությունների հիման վրա․ փոխնախարար

Պետությունը պատրաստ էր Շուշիի գորգերի թանգարանին տարածք տրամադրել Հայաստանի պատմության թանգարանում, սակայն վերանորոգման աշխատանքների պատճառով գործընթացը ձգձգվեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը։

«Մեր տեղեկություններով՝ Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը շահագրգռված չէ, որ իր ցուցանմուշները Պատմության թանգարանում ցուցադրվեն։ Մենք առաջարկել ենք նաեւ Սարդարապատի թանգարանը, սակայն այս տարբերակը նույնպես մերժվել է Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանի կողմից։

Մենք կուզեինք տեղ հատկացնել, բայց պետք է հաշվի առնել նաեւ մեր ունեցած ռեսուրսները, դրանք սահմանափակ են։ Առաջարկում ենք այն, ինչ ունենք։ Եթե Ասծատրյանը ցանկություն հայտնի դիտարկել մեր առաջարկած երկու տարբերակներից մեկը, ապա պատրաստ ենք շարունակել քննարկումները»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Ասծատրյանը բազմիցս բարձրացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում տարհանված գորգերի պահպանման հարցը՝ դժգոհելով ՀՀ իշխանությունների առաջարկած վայրերում համապատասխան պայմանների բացակայությունից։

  • Կիսվել: