ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեկնարկում է կոմպոզիտորների միության հոբելյանական փառատոնի աշնանային շրջանը

Մեկնարկում է կոմպոզիտորների միության հոբելյանական փառատոնի աշնանային շրջանը

Սեպտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի աշնանային շրջանի առաջին համերգը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնը մեկնարկել էր դեռևս մայիսին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ և Վանաձորի պետական կամերային նվագախմբերի մասնակցությամբ՝ երկու համերգով: Փառատոնի շրջանակում նախատեսվում են ևս 5 համերգ` հայտնում են նախարարությունից։

Մասնավորապես սեպտեմբերի 13-ին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կներկայացնի Հայաստանի պետական կամերային նվագախումբը (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան), իսկ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 20-ին՝ Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան):

Սեպտեմբերի 30-ին Վանաձորում կայանալու է համերգ՝ Վանաձորի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Նույն նվագախումբն արդեն Երևանում՝ կոմպոզիտորների տանը, ելույթ կունենա հոկտեմբերի 4-ին: Հոկտեմբերի 8-ին էլ միության համերգասրահում տեղի կունենա հայ հեղինակների կամերային ստեղծագործությունների համերգ: Փառատոնը եզրափակվելու է հոկտեմբերի 12-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Փակման համերգին բեմում ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում Երևանի մետրոպոլիտենում նախատեսվում է նաև միության արխիվային նյութերի ցուցահանդեսի բացում: Սեպտեմբերի 24-ին էլ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում անցկացվելու է երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգ՝ նվիրված միության հոբելյանին:

Հավելենք, որ այս տարվա սկզբին հայտարարված լարային նվագախմբի համար գրված ստեղծագործությունների մրցույթի եզրափակիչ փուլն էլ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 7-ին: Համերգների մուտքն ազատ է:

  • Կիսվել: