ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մատենադարանից կայցելեն Թուրքիո Հայոց Պատրիարքություն՝ ձեռագրեր հետազոտելու

Մատենադարանից կայցելեն Թուրքիո Հայոց Պատրիարքություն՝ ձեռագրեր հետազոտելու

Մատենադարանի պատվիրակությունը` տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ. սեպտեմբերի 25-ին այցելել է Թուրքիո Հայոց Պատրիարքություն, հայտնում են Մատենադարանից։

Պատվիրակությանն ընդունել է Պատրիարքական փոխանորդ Արժանապատիվ Տեր Գրիգոր ավագ քահանա Տամատեանը: Քննարկվել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հրապարակված համատեղ հայտարարության դրույթների գործնական ծրագիրը, որի առանցքում են Պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունն ու հրատարակումը, ինչպես նաև ձեռագրերի պահպանման մշտադիտարկման համակարգի ներդրումը և վերականգնումը:

Տնօրենը պատրաստակամություն է հայտնել նախաձեռնելու Պատրիարքության ներկայացուցչի վերապատրաստումը Մատենադարանում, մասնավորաբար, հոկտեմբերի 14-25-ը կայանալիք «Հիշողության կերպարանքները» գիտագործնական սեմինարի շրջանակում:

Առաջիկայում տեղի կունենա Մատենադարանի ավագ ֆոնդապահի և ասպիրանտի այցը Պատրիարքություն` ձեռագրերի հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

  • Կիսվել: