երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մատենադարանի մասնագետները կիրականացնեն Ամերիկայի հայկական թանգարանի ձեռագրերի վերականգնումը

Մատենադարանի մասնագետները կիրականացնեն Ամերիկայի հայկական թանգարանի ձեռագրերի վերականգնումը

Մաշտոցյան Մատենադարանի և Ուոթերթաունի Ամերիկայի Հայկական Թանգարանի (ԱՀԹ) համագործակցությունը սկսվել է 2022 թվականից՝ ձեռագրերի ընդարձակ նկարագրությունների պատրաստումով, որն իրականացրել է Մատենադարանի գիտաշխատող՝ այժմ գլխավոր ավանդապահի պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը։

Մատերադարանից  հայտնում են, որ ԱՀԹ-ն ԱՄՆ-ում հայ արվեստի նմուշներ ունեցող ամենամեծ հաստատությունն է։ Այս համագործակցությունն ավելի է ընդարձակվել շնորհիվ Bank of America (BofA)ի 2023 թվականի դրամաշնորհային ծրագրի, որը հատկացվել է ԱՀԹ-ի հավաքածուի 21 ձեռագրերի նորոգման համար (Հավաքածուի հնագույն ձեռագիրը 1207 թվականի մի Ավետարան է)։ 

BofA-ն դրամաշնորհ է տրամադրում մշակութային կենտրոններին՝ առավել կարևոր արվեստի նմուշների պահպանման համար։ 2010 թվականից գործող BofA-ի այս ծրագրի շրջանակներում իրականացվել է 237 նախագիծ 40 երկրում։

Առաջիկայում Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցներից մի քանիսը կմեկնեն Ուոթերթաուն՝ տեղում ձեռագրերի նորոգման աշխատանքները սկսելու համար։

«Մենք անչափ շնորհակալ ենք BofA-ին այս դրամաշնորհի տրամադրման համար, որպեսզի կարողանանք պահպանել մեր ձեռագրերը, որ դրանք կարողանան ուսումնասիրել և դիտել մշտապես՝ առանց հետագա վնասման ռիսկի», - ասել է Հայկական թանգարանի գործադիր տնօրեն Ջեյսոն Սոհիկյանը Մասաչուսեթսի Bank of America-ի նախագահ Միսել Չեմբերլենին ԱՀԹ-ում օրերս կայացած ընդունելության ժամանակ:

«ԱՀԹ-ն անփոխարինելի ռեսուրս է հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության պահպանման համար։ Այս նմուշների պահպանումը հարստացնում է համայնքը, նաև թույլ է տալիս յուրաքանչյուրին՝ անկախ ծագումից, գնահատել, թե ինչպես է հայ ժողովրդի ոգեշնչող պատմությունը տեղավորվում Ամերիկայի պատմության մեջ», - ասել է Մասաչուսեթսի Bank of America-ի նախագահ Միսել Չեմբերլենը:

  • Կիսվել: