շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը

91 տարեկանում ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հայ օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի, սոպրանո Էլվիրա Ուզունյանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, ապա տեղափոխվել Հայաստան։

1962 թվականից հանդես է եկել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կերտելով Անուշի կերպարը՝ Տիգրանյանի «Անուշ» օպերայում, Օլիմպիայի կերպարը՝ Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայում, Ռոզինայի կերպարը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայում, Վիոլետայի կերպարը՝ Վերդիի «Տրավիատա» օպերայում և շատ ու շատ այլ դերերգեր։

1978 թվականին արժանացել է Հայաստանի և Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներին։

Էլվիրա Ուզունյանը հաջողությամբ հանդես է եկել նաև աշխարհի տարբեր բեմերում՝ Գերմանիայում, Կանադայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:

Նա նաև նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Գառնի» (1966թ.), «Երիտասարդության ափը» (1969թ.), «Սպիտակ ափեր» (1975թ.), «Կրկին հինգ օր» (1978թ.), «Հյուրանոց «Տատիկ»» (1980թ.), «Մասնակի դեպք» (1983թ.) և այլն։

Վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ համերգային գործունեությունից զատ, համագործակցելով ԱՄՆ-ի հայ համայնքի հետ, Բոստոնում ստեղծել և ղեկավարել է «Օգնենք երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը՝ աջակցելով հայ երիտասարդ արտիստների կայացմանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին վշտակցությունն է հայտնում մեծանուն արտիստուհու ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նրա արվեստը հավերժ կմնա հայ մշակույթի և օպերային արվեստի պատմության մեջ։

  • Կիսվել: