կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լույս է տեսել լրագրող Աստղիկ Մարտիրոսյանի «Դինոզավր Նիռան և բոլոր–բոլորը» հեքիաթների անդրանիկ ժողովածուն

Լույս է տեսել լրագրող Աստղիկ Մարտիրոսյանի «Դինոզավր Նիռան և բոլոր–բոլորը» հեքիաթների անդրանիկ ժողովածուն

Լույս է տեսել լրագրող Աստղիկ Մարտիրոսյանի «Դինոզավր Նիռան և բոլոր–բոլորը» հեքիաթների անդրանիկ ժողովածուն։ Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում պատմեց Աստղիկը, թվերով և փաստերով լեցուն լրագրությունից դեպի հեքիաթների, անուրջների աշխարհ քայլ կատարել իրեն «ստիպեց» իր առաջնեկ թոռնիկը՝ Բիայնան։

«Երբ Բինան փոքր էր, շատ հետաքրքրասեր էր, նրան շրջապատող աշխարհում ամեն ինչ էր հետաքրքրում, և երբ փորձում էի նրան երեկոյան քնեցնել, ինձ «ստիպում էր» իրեն հեքիաթներ պատմել աթոռների, սեղանների, պատուհանների, մի խոսքով, մեզ շրջապատող առարկաների մասին։ Դե ես էլ ստիպված հընթացս հեքիաթներ էի հորինում, որոնք լսելով էլ Բինան տարիներ շարունակ քնում էր։

Հետո, երբ աղջիկս ընտանիքով տեղափոխվեց արտերկիր և ծնվեց երկրորդ թոռնիկս, աղջիկս խնդրեց ինձ գրի առնել այդ հեքիաթները և ուղարկել իրեն, որպեսզի երեխաներին երեկոյան քնեցնելիս կարդա։ Եվ ինձ մոտ միտք հղացավ՝ ինչու չկիսվել այդ հետաքրքիր և զարմանահրաշ պատմություններով այլ ծնողների և երեխաների հետ։ Նամակ գրեցի «Անտարես Մեդիա-հոլդինգ» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին՝ առաջարկելով ծանոթանալ գրածս հեքիաթներից մի քանիսին։ Արձագանքը չուշացավ, Մարտիրոսյանը հեքիաթները ուղարկել էր խմբագիր Նունե Թորոսյանին և իրձ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ թե իր և թե խմբագրի դուրը դրանք շատ են եկել և հրատարակչատունը դրանք կհրատարակի։

Բոլոր վեց հեքիաթները, որոնք ես ուղարկել էի «Անթարեսին», հրատարակվեցին «Դինոզավր Նիռան և բոլոր–բոլորը» ժողովածուում։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել «Անտարես Մեդիա-հոլդինգի» ղեկավարությանը և անձնակազմին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար»։ Աստղիկը նաև ասաց, որ հրատարակչատունը, հավանելով իր ձեռագիրը, առաջարկել է իրեն երեխաների համար հանրամատչելի եղանակով հայտնի մարդկանց կենսագրական պատմություններ գրել։

«Այդ նախագիծը արդեն իրականացվում է և ինձ առաջարկեցին դրա մասը դառնալ։ Դեռ մտածում եմ, բայց ժամանակ լինելուն պես, երևի կընդունեմ առաջարկը»,- հավելեց նորաթուխ հեքիաթագիրը։

Աստղիրկը նաև անկեղծացավ, որ էլի ունի գրված հեքիաթներ և պլանավորում է դրանք ևս հանձնել ընթերցողի դատին։ «Բայց նաև մեկ այլ երազանք ունեմ՝ շուտով ավարտում եմ իմ անդրանիկ վիպակը, որը իրական պատմություն է Ցեղասպանության, Մեծ գաղթի, հայրենադարձության և նոր կյանք սկսելու մասին։ Պատմությունը ինչ որ տեղ նաև ցավալիորեն հիշեցնում է մեր օրերը, և երազանքս է այդ ստեղծագործությունը ևս հասցնել հայ ընթերցողին։ Հուսով եմ այն ևս կիրականանա»,- եզրափակեց Աստղիկը։

  • Կիսվել: