հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լիլիթ Սահակյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում

Լիլիթ Սահակյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մայիսի 24-ի նիստում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվել է աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Լիլիթ Սահակյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնական գիտական ուղղությունները, իրականացվող գիտական և կրթական ծրագրերը և զարգացման ռազմավարությունը։ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն իրականացնում է կիրառական և հիմնարար միջառարկայական հետազոտություններ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության, սննդի անվտանգության, գյուղատնտեսության բնագավառներում՝ նորագույն հեռազննման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կրթական բաղադրիչն ուղղված է մագիստրական, ասպիրանտական և ոչ ֆորմալ կրթության իրականացմանը: 

Կենտրոնի զարգացման պլանով նախատեսվում է․

  • Հիմնարար և կիրառական, միջդիսցիպլինար հետազոտություններ, նոր ուղղությունների զարգացում, ընդլայնում,
  • Կառավարման էլեկտրոնային համակարգի անցում,
  • Նյութատեխնիկական բազայի ամրապնդում՝ ներառյալ հատկապես լաբորատարիայի վերազինումը,
  • Գիտակրթական գործունեություն և կադրերի որակավորման բարձրացում, կրթական բաղադրիչի զարգացում,
  • Միջազգային ինտեգրում և ինովացիոն, տնտեսական գործունեություն,
  • Քիմիական լաբորատորիայի վերազինում, վերակառուցում՝ հավատարմագրման վերականգնում՝ լրացուցիչ տարածքի հարցի լուծում,
  • Գիտաչափական արդյունավետության աճի տեմպերի պահպանում,
  • Գիտության հասարակայնության մակարդակի բարձրացում, նոր կայքի ստեղծում,
  • Սոցիալական ծրագրերի ակտիվացում,
  • Կենտրոնի անվանափոխություն հիմնադիր տնօրեն՝ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի անունով։

Լիլիթ Սահակյանը ծնվել է 1979 թ․՝ Երևանում: Սովորել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետում: 2008թ․ ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի աստիճան:

Լիլիթ Սահակյանի գիտական գործունեության հիմնական ուղղությունը շրջակա միջավայրի երկրաքիմիան է, որի շրջանակում հեղինակել է 130 գիտական աշխատություն, որոնցից հինգը՝ կոլեկտիվ մենագրություն, երեքը՝ գիտամեթոդական ձեռնարկ և 80-ը՝ հոդված, այդ թվում՝ միջազգային բարձր հեղինակություն ունեցող հղման բարձր ինդեքսով ամսագրերում: Ունի սկոպուսյան հղման h-index 20:

1999-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։ 2019-2020 թթ․ եղել է Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, իսկ 2020-2023 թթ․` տնօրենը:

2010-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն» առարկաները: 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ամբիոնի վարիչն է:

  • Կիսվել: