շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Կոնստանտին Օրբելյանը վերականգնվեց  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում

Կոնստանտին Օրբելյանը վերականգնվեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն այսօրվանից կրկին զբաղեցնում է թատրոնի տնօրենի պաշտոնը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կոնտանտին Օրբելյանը։

«Երեկ ես վերականգնվել եմ Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Ինչպես հայտնի է, ես շահել եմ դատը, որից հետո նախարարությունը դիմել է Վերաքննիչ, որը մերժվել է: Այսօրվանից սկսած ես պաշտոնապես անցնում եմ աշխատանքի»,- նշեց նա։

Օրբելյանի խոսքով՝  պետք է աշխատեն հետագա նախագծերի շուրջ, իսկ իր պայմանագրի ժամկետը մինչև օգոստոսի 3-ն է:

«Ժամանակն այնքան էլ շատ չէ, այնպես որ պետք է շարունակենք բեմադրել  օպերաներ, աշխատել պրեմիերաների շուրջ, հուսով եմ` բոլոր ծրագրերը կկարողանանք կյանքի կոչել»,- ընդգծեց նա։

Կոնստանտին Օրբելյանը միաժամանակ նշեց, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ունեին նախորդ տարվա ապրիլից, ստիպված են եղել չեղարկել. «Երբ ես պայմանագիր էի կնքել Դուբայում մեր հյուրախաղերի համար, նախորդ կառավարությունն իր վրա վերցրեց ուղևորության ճանապարհածախսը, իսկ ներկայիս կառավարությունը պատասխանեց, որ իրենք ոչ մի կոպեկ չեն վճարի ճանապարհորդության համար, և երբ ես հարցրի` ի՞նչ անեմ, հետաձգե՞մ ուղևորությունը, ինձ պատասխանեցին, որ իրենց համար միևնույնն է»:

Հարցին, թե իր վերադարձն ինչպես ընդունեց  թատրոնի կոլեկտիվը, Օրբելյանը պատասխանեց․ «Ոմանք ուրախությամբ, ոմանք՝ ոչ այնքան։ Կարծում եմ՝ դա բնական է»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ մոտեցում ունի նախարարությունն իր վերադարձի վերաբերյալ, գեղարվեստական ղեկավարն ասաց՝ կիմանա վաղը կայանալիք հանդիպման ժամանակ։

 

  • Կիսվել: