ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված տոնական համերգ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված տոնական համերգ

Առաջին անգամ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել  լսելու երկու տարբեր գործիքների՝ երգեհոնի և սաքսոֆոնի սիմբիոզը։  Ինչպես հայտնում են Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից, Ռուսաստանի օրվան նվիրված տոնական համերգի ընթացքում  վիրտուոզ կատարումներով ներկայացել են հայտնի երաժիշտներ, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Հիրոկո Ինոուեն (երգեհոն, Ճապոնիա) և Վերոնիկա Կոժուխարովան (սաքսոֆոն, ՌԴ)։ 

Երգեհոնի և սաքսոֆոնի միջոցով երաժիշտները ստեղծել են գեղեցիկ դուետ, որը միաձուլում է մշակույթներ, երաժշտական ոճեր, տեմբրներ և այդ ամենը ներկայացնում կանացի նուրբ մատուցմամբ։

«Առաջին անգամ Վերոնիկա Կոժուխարովայի կատարումը լսել եմ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված միջոցառմանը։ Տպավորված էի նրա վիրտուոզ կատարումներով և մեծ ցանկություն ունեի Վերոնիկային ներկայացնել նաև Հայաստանում։ Ռուսաստանի օրվան նվիրված համերգի ծրագիրը և երգացանկը քննարկելիս որոշեցինք հայ հանդիսատեսին անսովոր բան ցույց տալ՝ երգեհոնի և սաքսոֆոնի համադրությունը։ Երևանում Ռուսաստանի օրվա տոնակատարությունը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական վկայությունն է, որն ամրապնդված է եղբայրական կապերով», - նշել է Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Վերոնիկա Կոժուխարովան էլ խոստովանել է, որ երբ լսել է Ռուսաստանի օրվան նվիրված համերգ կազմակերպելու գաղափարի մասին, անմիջապես ոգևորվել և համաձայնվել է:

«Որոշեցինք կազմակերպել համերգ, որտեղ կհնչեր սաքսոֆոն և երգեհոն․ այո՛, համարձակորեն կարելի է համադրել այն, ինչը, թվում է՝ անհամադրելի է։ Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Հայաստանում, նաև՝ նման կարևոր տոնի շրջանակներում»,- նկատել է նա։

Վերոնիկա Կոժուխարովան և Հիրոկո Ինոուեն բազմամյա ստեղծագործական տանդեմ են, որը կոտրում է այն կարծրատիպը, որ երգեհոնն ու սաքսոֆոնը անհամադրելի գործիքներ են։

«Շնորհակալություն եմ հայտնում Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին՝ ի դեմս տնօրեն Վահրամ Կարապետյանին և Կամերային երաժշտության տան ղեկավարությանն այս հրաշալի երեկոյի համար։ Անսպասելի դուետ՝ երգեհոնի և սաքսոֆոնի վիրտուոզ կատարումներ։ Շատ կարևոր է, որ երգացանկում ներկա էին Ռուսաստանի, Հայաստանի, Խորհրդային միության, համաշխարհային երաժշտության դասականների ստեղծագործությունները։ Ուրախ եմ, որ այս համերգը նվիրված էր իմ հայրենիքի տոնին», - նշել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Վերոնիկա Կոժուխարովան վիրտուոզ կատարող է, որը աշխատել է այնպիսի դիրիժորների և երաժիշտների հետ, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Վան Կլիբերնը, Վլադիմիր Զիվան, Կոնստանտին Օրբելյանը, Արթուր Առնոլդը, Սեբաստիան Բիլլարը և այլոք: Վերոնիկայի հյուրախաղերով ներկայացել է աշխարհի տարբեր կողմերում։

«Ցույց տվեցինք հանդիսատեսին, որ սաքսոֆոնը տարբեր է լինում։ Չկան միայն ջազային կամ դասական գործիքներ։ Սաքսոֆոնը կարող է լինել՝ լիրիկական, ռոմանտիկ, ագրեսիվ,  ինչու չէ նաև հեգնական», – պատմել է Վերոնիկան։

Ճապոնացի երգեհոնահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Հիրոկո Ինոուեն ակադեմիական կատարողների նոր սերնդի վառ ներկայացուցիչ է, որի երգացանկը առանձնանում է  ժանրային բազմազանությամբ։

«Ռուսաստանն ինձ համար երկրորդ հայրենիքն է։ Իմ ստեղծագործական գործունեությունը սերտ կապված է Ռուսաստանի հետ։ Ուրախ եմ մասնակցելու այս կարևոր օրվա առթիվ  կազմակերպված համերգին։ Մասնակցել եմ Մ. Թարիվերդիևի անվ․ երգեհոնահարների միջազգային մրցույթին։ Մ. Թարիվերդիևը՝ որպես հայ կոմպոզիտոր, ռուսական և հայկական մշակույթների սինթեզի մարմնավորումն է։ Ուսումնասիրել եմ նրա ստեղծագործությունները և ուրախ եմ լինել նրա հայրենիքում։ Առաջին անգամ եմ Հայաստանում և զարմացած եմ մարդկանց բարությամբ, անկեղծությամբ, հիացած եմ երկրի բնությամբ», – պատմել է Հիրոկո Ինոուեն։

Երեկոյի ընթացքում հնչել են Բախի, Բաբաջանյանի, Թարիվերդիևի, Չայկովսկու, Դոգի, Ազնավուրի, Սպենդիարյանի, Խաչատրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, Հայրենական պատերազմի վետերաններ:

  • Կիսվել: