երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Խոսող կտավներ»-ի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Սարյանի 6 կտավները

«Խոսող կտավներ»-ի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Սարյանի 6 կտավները

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն կընձեռի դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճենների՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված տվյալ նկարներին։

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 30-ին, ժամը 18:00 Սարյանի տուն-թանգարանում։

Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության խնդիրներ ունեցող մարդուն՝ որպես պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արվեստի աշխարհ ներգրավվելն է։ Ծրագրի շրջանակում ստեղծվել են թանգարանի հավաքածուից 6 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ. Մարտիրոս Սարյան. Պաննո «Հայաստան» (1964), Արագած (1925), Կոստանդնուպոլսի շները (1910), VII դարի Կարմրավոր եկեղեցին. Աշտարակ (1956), Դեպի աղբյուր (1928), Երևանյան բակը գարնանը (1928)։

Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճեն թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն զանազանել նկարում պատկերված հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։

«Ծրագրի թիրախային խումբը տեսողական խնդիր ունեցող բոլոր մարդիկ են՝ անկախ տարիքից: Մեր նպատակն է հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն տալ իրենց պատկերացում կազմել արվեստի գործերի մասին։ Այս նախագծի շնորհիվ նրանք կարող են մտնել նկարչի տուն-թանգարան ու տեսնել Սարյանի գործերը»,- նշում է ծրագրի հեղինակ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։

Յուրաքանչյուր շոշափելի կտավը լրացվում է տիֆլոմեկնաբանություններով։ Տիֆլոմեկնաբանությունը հակիրճ տեղեկատվություն է, որը հատուկ պատրաստված է կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար՝ փոխարինելու տեսողական տեղեկատվությունը, որը ճակատագրի բերմամբ անհասանելի է նրանց համար։

Նախագծի  հնչյունային ռեժիսորն է կոմպոզիտոր Վահան Նահապետյանը, ով, լինելով նախագծի թիրախային լսարանի ներկայացուցիչ, հանդես է գալիս նաև որպես ներառական նախագծի գլխավոր փորձագետ։

Նշենք, որ նախորդ տարի Հայաստանի ազգային պատկերասրահում «Խոսող կտավներ» ներառական պիլոտային նախագծի ընթացքում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել էին Պատկերասրահի 5 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ․ հաշվի առնելով ներառական նախագծի նկատմամբ հետաքրքրությունը, այս տարի որոշվել է նաև ստեղծել տիֆլոմեկնաբանություններ անգլերեն և ռուսերեն տարբերակներով՝ Սարյանի Պաննո «Հայաստան» կտավի համար։ Տիֆլոմեկնաբանությունները ստեղծվել են նախագծի գործընկեր Արարատ թանգարանի հետ միջթանգարանային համագործակցության շրջանակներում։

Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

  • Կիսվել: