հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խնկո Ապոր անվան գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը

Խնկո Ապոր անվան գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը

Փետրվարի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը:

Ցուցահանդեսը կտևի երեք օր: Փակման միջոցառումը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, որը նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 

Եռօրյա միջոցառումների շրջանակում գրադարանում նախատեսվում է անցկացնել գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ: Կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, քուիզներ, վիկտորինաներ, վարպետաց դասեր, գրքերի նկարազարդումներ, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի դիտումներ ու երաժշտական ունկնդրումներ: 

Արդեն երկրորդ անգամ գրադարանի նախաձեռնությամբ կանցկացվի «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-ին ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին գրքեր կնվիրեն:

«Հեքիաթի դեսպան մայրերը» խորագրի ներքո գրադարանի փոքրիկ հյուրերի համար հեքիաթ կընթերցի բլոգեր, երգչուհի Մարիաննա Վարդանյանը: Տոնավաճառի օրերին այցելուները հնարավորություն կունենան նաև համալրել իրենց անձնական գրադարանները հրատարակչություններից ձեռքբերված զեղչված գրքերով:

Տոնավաճառի փակման օրը տեղի կունենա գրադարանի արդեն ավանդական դարձած «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցանականեր կհանձնվեն 2022 թ. լավագույն ընթերցողներին: 

  • Կիսվել: