հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Վասիլի Սինայսկին

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Վասիլի Սինայսկին

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամները։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» անվանակարգում։ Մրցույթը, ինչպես ամեն տարի, կմեկնարկի հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից  հայտնում են, որ Ժյուրիի կազմում ընդգրկված են Ջորջ Փեհլիվանյանը, Վահագն Պապյանը, Դերրել Էնգը, Նի Ֆենը, Վասիլի Սինայսկին, Ռուբեն Ջաիսը, Պյոտր Սուլկովսկին։ Նրանք բոլորը համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժորներ, երաժիշտներ և հմուտ մանկավարժներ են՝ դասական երաժշտության ոլորտում ժամանակակից մտածողության և արվեստի ձևավորման առանցքային դեմքեր։

Ժյուրին կնախագահի Վասիլի Սինայսկին։ Վասիլի Սինայսկին անվանի ռուս դիրիժորներից է՝ Մուսինի և Կոնդրաշինի մեծ ավանդույթները շարունակողը, ով ղեկավարել է աշխարհի առաջատար նվագախմբերն ու օպերային թատրոնները, ինչպես նաև զբաղեցրել է կարևոր պաշտոններ հեղինակավոր երաժշտական հաստատություններում։

Մրցույթը կանցկացվի հունիսի 6-ից 12-ը, երկու փուլով։ Խաչատրյանական մրցույթի հաղթողը հայտնի կդառնա հունիսի 12-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։ Մասնակիցների կատարման պարտադիր ծրագրում ընդգրկված են նաև Խաչատրյանի ստեղծագործությունները։

Խաչատրյանի անվան մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, նրանց տալ մասնագիտական առաջընթացի հնարավորություն, ինչպես նաև աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի մշակութային ժառանգությունը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia-ն։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC) և անցկացվում է ֆեդերացիայի սահմանած կանոնների համաձայն։

  • Կիսվել: