հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
ԿԳՄՍ փոխնախարարը ներկա է եղել ՀԳՊԱ-ի շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցադրությանը

ԿԳՄՍ փոխնախարարը ներկա է եղել ՀԳՊԱ-ի շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցադրությանը

Հայաստանի նկարիչների միության դահլիճում այսօր տեղի է ունեցել  Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի այս տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցադրությունը։

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նախարարի տեղակալը ՀԳՊԱ-ի ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներում և ծանոթացել Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի, Կերպարվեստի ֆակուլտետների շրջանավարտների ստեղծագործական աշխատանքներին  և մասնագիտական ձեռքբերումներին։

Դանիել Դանիելյանի խոսքով՝  ուրախալի է այն փաստը, որ այս տարի ավարտական քննությունները, ի տարբերություն նախորդ տարիների, անցկացվում են  հանրային ձևաչափով, ինչը հնարավորություն է ընձեռում արվեստասեր հանրությանը ևս ներկա գտնվելու շրջանավարտների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությանը։

«Ներկայացված են հիանալի աշխատանքներ՝ քանդակ, գծանկարչություն, գեղանկարչություն՝ նոր մոտեցումներով և մտածելակերպով, արդի խնդիրներին արձագանքելու ուրույն և հետաքրքիր ոճով։ Իհարկե, դեռ աշխատանք կա կատարելու, սակայն մեր երիտասարդների ստեղծագործական ներուժը գովելի է և ապագայի հանդեպ վստահություն ներշնչող»,- նշել է Դանիել Դանիելյանը։

ՀԳՊԱ-ի ռեկտոր Վարդան Ազատյանի խոսքով՝ այս տարի բուհն ավարտում է շուրջ 250 շրջանավարտ, որոնց դիպլոմային աշխատանքների պաշտպանությունն իրականացվում է հանրային  ցուցադրությամբ։

«Այս տարի լրանում է Հայաստանի գեղարվեստի պետական  ակադեմիայի հիմնադրման 80-ամյակը, և այս ցուցադրությունը պետք է դիտարկել նաև հոբելյանական միջոցառումների համատեքստում»,- ասել է ռեկտորը։

ՀԳՊԱ շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցադրությունը Հայաստանի նկարիչների միությունում կգործի հունիսի 3-6-ը։

  • Կիսվել: