ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, Իտալիայի Ստրեզա քաղաքում մասնակցել է «Քաղաքականությունների լաբորատորիա․ կրթական բարեփոխումներն Արևելյան գործընկերության երկրներում. համատեղ դասեր, համատեղ ապագա» տարածաշրջանային միջոցառմանը։
Այն միջազգային կրթական քաղաքականությունների բարեփոխումների փորձի փոխանակման և փոխադարձ ուսուցման հարթակ է, որի շրջանակում մասնակից երեք պետությունները՝ Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան, ներկայացրել են կրթական համակարգերում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև քննարկումներ ունեցել Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի և Ռումինիայի՝ կրթության ոլորտի միջազգային փորձագետների հետ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել «Հայաստանում կրթության բարեփոխումների ուղղությունները և մարտահրավերները» թեմայով ելույթով՝ ներկայացնելով հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտում Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ծրագրերը՝ դրանք համադրելով Եվրոպական կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված «Հայաստանի կրթության բնագավառի կառավարումը և ֆինանսավորումը՝ ուղղված կրթության հավասար հասանելիության ապահովմանը» զեկույցում արձանագրված դիտարկումների և առաջարկությունների հետ:
Նախարարի տեղակալը ներկայացրել է որակյալ կրթության ժամանակակից պահանջների համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման, խրախուսման և ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրերը, կրթության կառավարման և առաջնորդության բարեփոխումները, կրթական ենթակառուցվածքների ստեղծման և գույքով հագեցման աշխատանքները։
«Կրթության համակարգը մեծ և դանդաղ շարժվող համակարգ է, սակայն համոզված ենք, որ շարունակական ջանքերը տալիս են մեծ արդյունք և ունեն կարևոր ռազմավարական նշանակություն երկրի զարգացման համար։ Ուստի ուրախ եմ կիսվել մեր երկրի փորձով, և պատրաստ ենք լսել նաև այլ երկրների հաջողված փորձը, քանի որ միայն դրական փորձի փոխանակման միջոցով է հնարավոր հասնել հաջողության և ստեղծել լավ ապագա մեր երեխաների համար»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
ՀՀ պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման վարչությունների ներկայացուցիչները։
ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Հայաստանի կրթական համակարգի առաջնահերթությունները՝ կառավարման լավարկման և դրանց շարունակական մշտադիտարկման, կրթության որակի գնահատման և վերահսկողության վերաբերյալ։
Քննարկվել են նաև կրթական համակարգերի վերափոխման, ներառական և դիմակայուն կրթական համակարգերի կառուցման, 2030-2040 թվականների համար կրթության առաջնահերթությունների, կրթության մեջ տվյալահենք քաղաքականության և կրթության բարեփոխումների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության թեմաները։
Միջոցառումն անցկացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումների և հմտությունների աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որին, բացի Հայաստանից, մասնակցել են նաև Արևելյան գործընկերության երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի կրթության ոլորտը համակարգող պետական մարմինների ներկայացուցիչները, ԵՄ անդամ պետությունների փորձագետներ և Եվրոպական կրթական հիմնադրամի աշխատակիցներ։
Հաշվի առնելով, որ 2024 թվականի մայիսից մեկնարկած եռամյա ծրագիրը մոտենում է ավարտին՝ միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի շարունակականության, հայեցակարգի և հետագա փուլի բովանդակության հետ կապված հարցեր:
Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ կրթության ոլորտի վերլուծություններն ու տվյալների հիման վրա որոշումների ընդունումը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը, ոլորտային և բյուջետային պլանավորումը և արդյունավետության մոնիթորինգը։
Ծրագրի շրջանակում մինչ այժմ իրականացվել են մի շարք ճանաչողական, փորձի փոխանակման այցեր․ արագ կրթական ախտորոշման (Rapid Education Diagnosis, RED) մեթոդաբանությամբ մշակվել և հրապարակվել է «Հայաստանի կրթության բնագավառի կառավարումը և ֆինանսավորումը՝ ուղղված կրթության հավասար հասանելիության ապահովմանը» զեկույցը։



