չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը

Կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։

Ցուցադրության բացմանն ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և ընդգծել «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրության կարևորությունը՝ նշելով, որ այն Հայաստանի պատմության թանգարանի և Ասսենի Դրենց թանգարանի համատեղ երկրորդ ցուցադրությունն է: «Նիդերլանդների հետ մեր օրակարգը բավականին հարուստ է մշակույթի ոլորտում, մասնավորապես՝ թանգարանների ուղղությամբ: Առկա են բազմաթիվ այլ համագործակցության պայմանավորվածություններ ինչպես փոխադարձ այցելությունների, փորձի փոխանակման, այնպես էլ մշակութային կառույցների զարգացման ուղղությամբ»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանում թանգարաններ այցելության մշակույթի առաջընթացին` նշելով, որ այս տարի Թանգարանների գիշեր միջոցառման շրջանակում թանգարանները շուրջ 244 հազար այցելու են ունեցել, որը 55 տոկոսով ավելի է` նախորդ տարվա համեմատ:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն անդրադարձել է դեռևս 2022 թ․ Նիդերլանդների Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո» ցուցադրությանը, որը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել էր Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ: Տնօրենի նշմամբ՝ այս համագործակցությամբ համատեղ ծրագրերը շարունակելու և Հայաստանում պատասխան ցուցահանդես կազմակերպելու ամուր հիմքեր էին դրվել:

«Շատ ուրախ ենք, որ թանգարանային համագործակցությունը շարունակվեց, և փոխադարձ գործընկերության շնորհիվ այսօր կարող ենք Ասսենի Դրենց թանգարանից հյուրընկալել 15 ուշագրավ հնագիտական առարկաներ՝ դրանք համադրելով Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների հետ, որոնք առավելապես վերաբերվում են նոր քարեդարի, բրոնզեդարի ժամանակաշրջաններին, բայց նաև հատուկ շեշտադրումով միջնադարյան հատվածի որոշ ուշագրավ նմուշներին»,- ասել է թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և վստահություն հայտնել, որ այս ցուցահանդեսային նախագիծը մեծ հետաքրքրությամբ կընդունվի հայ արվեստասեր հանրության և թանգարանի այցելուների կողմից:

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը նույնպես ողջունել է ներկաներին՝ նշելով, որ շատ ոգևորված և հետաքրքրված է այս համատեղ ցուցադրությամբ. «Ցուցադրությունն ընդգծում է Հայաստան-Նիդերլանդներ ջերմ հարաբերությունները. Հայաստանի պատմության թանգարանի և Դրենց թանգարանի այս համագործակցությունը փաստում է նաև, որ մարդկային փոխհարաբերությունները կարող են նպաստել մշակութային հարաբերությունների զարգացմանը»:

Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանն անդրադարձել է Հայաստանի պատմության թանգարանի հետ 2022 թվականի համագործակցությանը և նշել, որ Ասսենի Դրենց թանգարանում ցուցադրության այցելուների թիվը եղել է 85 հազար, ինչը խոսում է ցուցադրության և համագործակցության նկատմամբ մեծ հետաքրքրության և հաջողության մասին: Հարի Թուփանի տեղեկացմամբ՝ թանգարանը տարեկան ունենում է մոտ 200 հազար այցելու: «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի պատմության թանգարանին համագործակցության կայացման համար և ուզում եմ նշել, որ այս ցուցադրությունները մեր համագործակցության ընդամենը սկիզբն են, և մեր գործակցությունը ունենալու է հետաքրքրիր, արդյունավետ շարունակություն»:

Նշենք, որ համատեղ այս ցուցադրությունը կբացահայտի Հյուսիսային Եվրոպայի նոր քարեդարի, ուշ բրոնզեդարի և վաղ երկաթեդարի ժամանակաշրջանների հարուստ պատմությունն ու մշակույթը` հնարավորություն տալով այցելուներին անցկացնելու զուգահեռներ։

Հավաքածուները կհամադրվեն պատկերային և անիմացիոն նյութերով։ Ցուցադրությունը կեզրափակվի հայ-հոլանդական առնչությունների ներկայացմամբ․ առանցքում կլինեն հայերի մասին հիշատակությունները Նիդերլանդներում՝ սկսած դեռևս 4-րդ դարից, 18-րդ դարում հայերի կողմից Ամստերդամում հիմնադրված տպարանը, ինչպես նաև առևտրական կապերը«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը կգործի հունիսի 3-ից օգոստոսի 30-ը:

  • Կիսվել: