կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը:

Արայիկ Հարությունյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ընդգծել է Սերգեյ Փարաջանովի հոբելյանը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների ցանկը, որի շրջանակում նախատեսված են ավելի քան 30 ծրագրեր: Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու հաջորդ տարի. մեկնարկը տրվելու է 2024 թ. հունվարին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Մասնավորապես՝ միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը՝ 2024թ-ի հունվարի 9-ին: Մտքեր են փոխանակվել միջոցառումների ժամանակացույցին, ձևաչափերին առնչվող մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Արայիկ Հարությունյանը Սերգեյ Փարաջանովի հոբելյանական տարին ամենաբարձր մակարդակով անցկացնելու համատեքստում կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված, արդյունավետ աշխատանքը:

  • Կիսվել: