երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կապտավանքի տարածքում ապօրինի տեղադրված խաչքարն ապամոնտաժվել է

Կապտավանքի տարածքում ապօրինի տեղադրված խաչքարն ապամոնտաժվել է

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները ապամոնտաժել  են Կոտայքի մարզի Կապուտան գյուղի  Կապտավանք (Սբ Միանաս) վանքում ապօրինի տեղադրված խաչքարը։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ համայնքապետարանի գործակցությամբ  խաչքարը կտեղադրվի  նախատեսված տարածքում։

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Հատիս և Գութանասար լեռների միջև ձգվող լեռնանցքի ձախակողմյան մասում` բլրի գագաթին, ծովի մակարդակից շուրջ 1800մ բարձրության վրա:

Կառուցվել է 1349թ. տեղի կապտավուն սրբատաշ բազալտից, հավանաբար, այստեղից էլ առաջացել է նրա անվանումը` «Կապույտ վանք», «Կապտավանք»: Ի տարբերություն նմանատիպ մյուս հուշարձանների` Կապտավանքը արտաքուստ աչքի է ընկնում ավելի զուսպ, պարզ լուծումներով, որտեղ հարդարանքի տարրերը հասցված են նվազագույնի:

Կապտավանքը այն սակավաթիվ հուշարձաններից է, որոնք հայ քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության մեջ ի հայտ եկան միայն XIV դարի առաջին կեսին և մեկ կառույցի մեջ կարողացան մեկտեղել երեք նշանակության շինությունների` դամբարան-եկեղեցի-զանգակատուն:

Եկեղեցին մասամբ վնասվել էր 1679թ.` երկրաշարժի ժամանակ, իսկ 1920-80թթ. գտնվում էր կիսաքանդ վիճակում: Վերականգնման աշխատանքներն իրականացվել են 1981-83թթ. (նախագծի հեղինակ Գ. Ղաֆադարյան):

  • Կիսվել: