Հուշարձանների վերականգնմանն ուղղված բյուջեն ավելի քան 10 անգամ աճել է 2018-ի համեմատությամբ. ԿԳՄՍ նախարար
Հուշարձանների վերականգնմանն ուղղված բյուջեն ավելի քան 10 անգամ աճել է 2018 թվականի համեմատությամբ: Մենք սկսել ենք 116 միլիոնից և հասել ենք մինչև 1 միլիարդ 800 միլիոնի: Սա առաջին հերթին պետության քաղաքականությունն ու ուշադրությունն է հուշարձանների պահպանությանը: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Շատ մեծ ուշադրություն ենք դարձնում պետականության խորհրդանիշ հուշարձանների վերականգնմանը՝ հատկապես բերդերի, ամրոցների, աշխարհիկ շինությունների:
Վերջին շրջանում այդպիսի աշխատանքներ ենք մեկնարկել, ավարտվել և ընթացքի մեջ են, սակայն մեր ուշադրությունից դուրս չի մնում մեր եկեղեցական, վանական համալիրների, հուշարձանների պահպանությունը»,- ասաց նախարարը և թվարկեց բոլոր այն հուշարձանները, որոնցում պետական ֆինանսավորմամբ աշխատանքներ են իրականացվել:
Ըստ նախարարի՝ կան եկեղեցիներ, որոնք պետական պահպանության ներքո են, և կան եկեղեցիներ, որոնք եկեղեցու սեփականությունն են կամ տրված են եկեղեցուն անհատույց օգտագործման. ավելի քան 300 նմանատիպ հուշարձաններ կան: Այս առումով աշխատանքային համագործակցություն կա եկեղեցու հետ, և պետությունը նաև այդ եկեղեցիներում, վանական համալիրներում է աշխատանքներ իրականացնում, որոնցից մեկը Բջնիի եկեղեցու պատի նորոգումն է: