կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հուշագիր. «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կշարունակի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը

Հուշագիր. «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կշարունակի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվել է կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Շտեֆան Մալերիուսը:

Համագործակցության շրջանակում ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցներում կիրականացվի «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստում: Նոր փոխըմբռնման հուշագիրը նախորդ (սահմանված ժամկետը՝ 2021-2023 թթ.) հուշագրի նոր փուլն է և նախատեսված է երեք տարվա համար` մինչև 2026 թվականի հուլիս:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է համագործակցությունը «Հասարակագիտություն» առարկայի ուսուցման բարելավման ուղղությամբ, որին միտված է հուշագիրը. «Մենք այժմ հանրակրթական բարեփոխումների կարևոր փուլում ենք. սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվելու են հանրակրթական նոր չափորոշիչները: Մեր համագործակցության շարունակությունը ևս այդ բարեփոխումների մի կարևոր մասն է»:

Նախարարը հույս է հայտնել, որ «Հասարակագիտություն» առարկայի արդյունավետ դասավանդումը կնպաստի երեխաների վերլուծական, քննադատական մտածողության ձևավորմանն ու աշխարհայացքի ընդլայնմանը:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տնօրեն Շտեֆան Մալերիուսն իր հերթին նշել է, որ հիմնադրամն առաջնահերթ է համարում Հայաստանում կրթության ոլորտի աջակցությունը:

Շտեֆան Մալերիուսի տեղեկացմամբ՝ արդեն վերապատրաստվել են ՀՀ 3 մարզերի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչներ: Չորրորդ մարզում աշխատանքներն ընթացքի մեջ են, որի ավարտից հետո արդյունքում շուրջ 600 ուսուցիչ կհամարվի վերապատրաստված: Նա նշել է, որ հիմնադրամը բաց է ցանկացած համագործակցության, տարբեր գաղափարների և առաջարկների իրագործման համար:

  • Կիսվել: