հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հռոմում կկայանան Սբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Հռոմում կկայանան Սբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Հռոմի Կաթոլիկ և Հայ եկեղեցիների համատեղ միջոցառումները, նվիրված «Առաքեալ  երկնաւոր  շնորհացն» Սբ Ներսես Շնորհալու մահվան հոբելյանին տեղի կունենան Հռոմում՝ այս տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:

Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունից, Քրիստոնեական պատմության մեջ Սբ Ներսես Շնորհալու ունեցած մեծ ավանդի համար Վատիկանի անցկացնելու է մի շարք հիշատակի միջոցառումներ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:

«Առաքեալ  երկնաւոր  շնորհացն. Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելից» խորագրի ներքո ոգեկոչման միջոցառումները ներառում են.

  • Միջազգային գիտաժողով (նոյեմբերի 30 - դեկտեմբերի 1) հեղինակավոր Քահանայապետական արևելագիտության ինստիտուտում, որը համախմբելու է տարբեր ծագում ունեցող առաջատար գիտնականների և եկեղեցականների: Երկու օր ինտենսիվ քննարկումներ՝ Սբ Ներսես Շնորհալու թողած բազմաշերտ ժառանգության մասին։
  • Սբ Ներսես Շնորհալու շարականների և երաժշտության երկու համերգ. հանրային միջոցառում Սանտա Մարիա Մաջիորե տաճարում (դեկտեմբերի 1) և փակ միջոցառում Սիքստինյան կապելլայում (դեկտեմբերի 2), որոնք համաշխարհային լսարանին կներկայացնեն Շնորհալու հոգևոր երաժշտության ժառանգությունը։
  • Սուրբ Պետրոսի տաճարում (դեկտեմբերի 2)  Միջեկեղեցական աղոթքի արարողություն՝ Սբ Ներսես Շնորհալու կրոնական միասնության կոչով, հանդիսապետությամբ՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Մինասյան՝ Հայ Կաթոլիկ եկեղեցու Պատրիարքի։

Ըստ աղբյուրի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և Տանն Կիլիկիո Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունը բոլոր այս միջոցառումները իրականացնելու են Վատիկանի՝ Քրիստոնեական Միասնության Խթանման և Արևելյան Եկեղեցիների երկու բաժինների հետ համատեղ։

Նշվում է, որ միջոցառումների, առցանց տոմսերի, ճանապարհորդությունների կազմակերպման և Սբ Ներսես Շնորհալու մասին տեղեկություններ կարելի է գտնել www.StNerses850.com կայքում:

Ըստ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության 2023 թվականին լրանում է համաշխարհային քրիստոնեության պատմության մեջ քիչ հայտնի, սակայն, ահռելի ազդեցիկ գործչի, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ՝ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը (1102-1173), որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023թ.  հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում։

Քրիստոնեական երաժշտության և պոեզիայի արվեստում առաջամարտիկ և արևելքի քրիստոնեության առաջատար աստվածաբան Ներսեսը նաև քրիստոնեական եկեղեցիների երկխոսությունների միջև միջազգային դիրք ունեցող գործիչ էր:

Նրա մարդասիրական, խաղաղասեր մոտեցումն իր ժամանակի հակասությունների նկատմամբ՝ արդյունավետ դիվանագիտության մոդել է, և կենսական դասեր է պարունակում այսօրվա կրոնական և էթնիկ հակամարտությունների համար:

  • Կիսվել: