ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը ընծայաբերվել է Մատենադարանին

Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը ընծայաբերվել է Մատենադարանին

Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության ընթացքում ներկայացվել են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։

Օրվա խորհրդի ամբողջացումը նշանավորվել է ևս մեկ մեծարժեք մատյանի վերադարձով. բարերար Վահե Բադալյանը Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը ընծայաբերել է Մատենադարանին։  Այս առիթով նվիրատուին շնորհվել է «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալը, որը հանձնվել է բարերարի որդուն՝ Ռոման Բադալյանին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Մատենադարանի նշանակությունը մեր երկրի գիտամշակութային և կրթական կյանքում, ընդգծել է, որ այն մշտապես վերարժևորելու անհրաժեշտություն ունի։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ձեռագրի նվիրաբերումը վերաճել է հայության գոյահաստատման յուրահատուկ ակտի։ Նրա գնահատմամբ՝ Մատենադարանի նվիրատուներին՝ անկախ բնակավայրից ու տարիքից, զբաղմունքից ու մասնագիտությունից՝ հոգևորական, գիտնական, թե քաղաքական այր, միավորում է հավաքչականության բնազդն ու գիտակցումը․ «Մատյանի ընծայաբերումով յուրաքանչյուր հայ՝ գիտակցաբար, թե՛ ենթագիտակցորեն, մեկտեղում է իր հոգևոր հայրենիքի աշխարհասփյուռ բեկորները։ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության աջակցությամբ Մատենադարանը ձեռք բերեց 1405 թվականին գրված Առբերդի Ավետարանը։ Մատենադարանում աշխատող մարդու համար չկա ավելի մեծ տոն, քան մատյանի տունդարձը»:

Արա Խզմալյանը նաև տեղեկացրել է ՝ այս տարի Մատենադարանը նախատեսում է հատուկ ցուցադրություն, որտեղ կներկայացվեն վերջին մեկ տարվա արժեքավոր ձեռագրական համալրումները

  • Կիսվել: