երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հովեր» երգչախումբը տարին սկսում է պրեմիերաներով

«Հովեր» երգչախումբը տարին սկսում է պրեմիերաներով

Հունվարի 30-ին, ժամը 19։00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենահամերգը։ Ծրագրում ընդգրկված են 16-րդ, 17-րդ և 20-րդ դարի իտալացի երեք կոմպոզիտորների՝ Կառլո Ջեզուալդոյի, Կլաուդիո Մոնտեվերդիի, Լուչանո Բերիոյի ստեղծագործությունները, որոնք երգչախմբի կողմից կկատարվեն առաջին անգամ։

Համերգը ղեկավարելու է Նարինե Ոսկանյանը, ում խոսքով երեք կոմպոզիտորների ստեղծագործությունները մեկ համերգում զետեղելը պայմանավորված չէ միայն նրանց՝ մեկ երկրի մշակույթի կրողը լինելու հանգամանքով․

«Ջեզուալդոյին, Մոնտեվերդիին և Բերիոյին միավորում է հատկապես այն, որ երեքն էլ իրենց ժամանակին եղել են ավանգարդ կոմպոզիտորներ, հանդես են եկել որպես նորարարներ։ Իհարկե, վերջիններիս ստեղծագործությունները կապվում են նաև ժանրային առանձնահատկություններով։ Խոսքը մադրիգալ ժանրի մասին է, որն իրենից ներկայացնում է աշխարհիկ ստեղծագործություն՝ հիմնականում սիրային-քնարական թեմատիկայով։ Այստեղ յուրաքանչյուր խոսք իր ուրույն հնչերանգով է արտահայտվում երաժշտության մեջ, կարելի է անգամ ասել, որ երաժշտությունը լիովին ենթարկված է խոսքին եւ պոետիկ մտքին։ Հենց այս ժանրի երկու վառ ներկայացուցիչներն են Ջեզուալդոն եւ Մոնտեվերդին»,- նշում է Նարինե Ոսկանյանը։

Անցում կատարելով 20-րդ դարի յուրօրինակ կոմպոզիտոր Լուչանո Բերիոյին և վերջինիս «Լոնդոնյան աղմուկներ» ստեղծագործությանը՝ Նարինե Ոսկանյանը ընդգծում է․

«Չնայած ուրբանիստական թեմատիկային, Բերիոյի այս ստեղծագործությունը ևս հարում է մադրիգալային ժանրին՝ կազմի ընտրությամբ, խոսքի հանդեպ ընդգծված արտահայտչականության ցուցաբերմամբ, ինչպես նաեւ մտքի վառ արտահայտման միջոցով, որի համար կոմպոզիտորն օգտագործել է երգչային տարբեր հնարքներ»։

Բերիոյի «Լոնդոնյան աղմուկներ» ստեղծագործությունը, որ կազմված է 7 մասից, ներկայացնում է լոնդոնյան շուկաներից հնչող բազմերանգ աղմուկներ, որոնք սխտոր վաճառողի հուսահատ բացականչությունից մինչև դեմքի քսուք վաճառողի համոզելու տեսարաններն են ուրվագծում։ Խմբերգային այս շարքի տեքստերը Բերիոն վերցրել է Լոնդոնի փողոցներից՝ ոգեշնչվելով քաղաքային շուկաների վաճառականների զանազան ձայնարկություններից եւ աղաղակներից։

Հունվարի 30-ին «Հովեր» երգչախումբը կկատարի վերոնշյալ կոմպոզիտորների 9 ստեղծագործություն (կլավեսին՝ Հռիփսիմե Աղաքարյան):

 

  • Կիսվել: