երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է. Հայաստանում կա 12 պետական եւ 365 համայնքային գրադարան

Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է. Հայաստանում կա 12 պետական եւ 365 համայնքային գրադարան

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պագևներով:

ՀՀ-ում այսօր գործում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարան, որոնցից երկուսը Երևանում են՝ Հայաստանի ազգային գրադարանը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, իսկ 10-ը՝ մարզերում: ՀՀ-ում կա նաև 365 համայնքային գրադարան:

2023 թվականից նախարարության ենթակայության մարզային տասը գրադարանները ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ իրականացվող «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում ծառայություններ են մատուցում տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող և տարեց անձանց:

Համայնքային գրադարանները գրականությամբ համալրելու նպատակով՝ Հայաստանի ազգային գրադարանն իրականացնում է «Շրջիկ գրադարան» ծրագիրը, որի շրջանակում ՀՀ մարզերի համայնքային գրադարաններին տարեկան տրամադրվում է ավելի քան 2000 միավոր գիրք:

Գրադարանները տարեկան սպասարկում են ավելի քան 100 հազար ընթերցողի: Տարեկան սպասարկվում է նաև շուրջ 3 միլիոն միավոր գիրք: Հաջողությամբ իրականացվում է գրադարանային հավաքածուների համալրման (շուրջ 70 հազար միավոր) գործընթացը, որի շրջանակում պետական դրամաշնորհով տրամադրված միջոցներով ձեռք է բերվում 11 հազար և ավելի միավոր գիրք ու պարբերական՝ համալրելով հավաքածուներն ընթերցողների կողմից պահանջված գրականությամբ, ինչպես նաև ձևավորում է նոր առաջարկ՝ գրքի շուկայում առկա լավագույն նոր հրատարակություններով, այդ թվում՝ ուսումնական, գիտահանրամատչելի և թարգմանական գրականության օրինակներով: Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքի հավաքածուն պարբերաբար համալրվում է եզակի օրինակներով:

Հայաստանի ազգային գրադարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ինչպես նաև 10 մարզային գրադարանների գործուն աջակցությամբ թվայնացվում և «Հայ գիրք» ու «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում տարեկան տեղադրվում է գրքի ու պարբերականի շուրջ 13 միլիոն 248 հազար 453 էջ:

  • Կիսվել: