երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները

Հայտնի են «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները

«Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը տեղի է ունեցել մարտի 25-ին՝ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:

IMG_2267.jpg (123 KB)

Երկու տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել է 6 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես են եկել երկու կատարումով։ Ժյուրին, հաշվի առնելով մասնակիցների տվյալները, «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի պահանջներին ու կանոններին համապատասխան ընտրել է մանկական կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակին։

IMG_2275.jpg (78 KB)

 

8-14 տարեկան տարիքային խմբում «Սլավյանսկի բազար 2023» 22-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային  մրցույթում Հայաստանը կներկայացնի 10-ամյա Անահիտ Գալստյանը, որը ժյուրիին ներկայացել է նախ Առնո Բաբաջանյանի «Իմ Երևան», ապա՝ Բրունո Մարսի երգացանկից՝ «Versache on the floor» կատարումներով։

IMG_2198.jpg (90 KB)

Ժյուրիի կազմը նախագահել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, իսկ ժյուրիի անդամներն են եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, որը «Սլավյանկսի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է, երգիչ Մհեր Մեսրոպյանը, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, երգիչ, Շ. Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի երաժշտական գծով փոխտնօրեն Տիգրան Կարապետյանը։

Ավարտին բոլոր մասնակիցներն արժանացել են հավաստագրերի՝ մասնակցության համար։

Իսկ «Սլավյանսկի բազար 2023» 32-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, որի թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։

IMG_2290.jpg (92 KB)

«Հայաստանյան կազմկոմիտեն երկարատև քննարկումներից հետո որոշել է երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակին ընտրել առանց մրցույթի։ Թեկնածուները մի քանիսն են եղել, սակայն ընտրությունը կանգ է առել Սյուզաննա Մելքոնյանի անվան վրա՝ հաշվի առնելով նրա ունեցած տվյալներն ու երգարվեստում կարիերան»,- մրցույթի ավարտին բեմահարթակից բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնելով ասել է ժյուրիի անդամ, մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը և հույս հայտնել, որ այս տարվա ժյուրիի կողմից ընտրված մասնակիցների համար հայ հասարակությունը ևս ուրախ կլինի։

IMG_2258-1.jpg (141 KB)

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր  «Ну-ка все вместе» շոուում։ իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

  • Կիսվել: