շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի

«Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի

«Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին. կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։

Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը։

Նա ընդգծեց, որ բացի բովանդակային շտկումներից , կփոխվի նաև Վանի թագավորության քարտեզը, որը  բազմիցս քննարկվել է։

Ըստ Սողոմոնյանի՝ այդ  քարտեզը թյուրիմացաբար է ներառվել գրքում՝  ժամանակի սղության և տարբեր այլ  հանգամանքների պատճառով։  «Նշեմ, որ կլինի նոր մշակված քարտեզ, որը  նաև ներկայացվել է Էրեբունու թանգարանի մեր գործընկերներին նրանց կարծիքը լսելու համար: Կփոխվի նաև Ղազար Փարպեցու պատկերը, որը ևս սխալ է տեղադրված»,- ասաց նա:

Նա նշեց, որ նախարարության կազմակերպած հանդիպման  ընթացքում բոլոր կարծիքները, դիտողություններն և դիտարկումները հանձնվել են դասագրքի հեղինակին, ով ամփոփաթերթի տեսքով նախարարություն կներկայացնի,  թե յուրաքանչյուր դիտարկման կամ դիտողության վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի, ի՞նչ շտկումներ է իրականացնելու, ինչի՞ հետ է համաձայն, և ինչի՞ հետ ոչ:

Անդրադառնալով քննարկումներին՝ դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը նշեց, որ դրական է համարում, որ այժմ կա հարթակ և հնարավորություն կարևոր հարցերի շուրջ ծավալուն քննարկումներ իրականցվելու համար։

«Իհարկե, եթե ես դասագրքի ստեղծման ժամանակ առաջնորդվեի նախորդ մոդելներով, գուցե, այս ամենը ինչ-որ տեղ աննկատ անցներ, բայց մենք գնացել ենք այլ ճանապարհով, բովանդակությանը կցել ենք նոր առաջադրանքներ, քանի որ դասագրքի հիմանական նպատակներից մեկն այն է, որ պետք է աշակերտների մոտ ձևավորվի քննական մտածողություն և դրան գումարած նաև պատմական մտածողություն, և այս տեսանկյունից դասագիրքն արդեն իսկ նորություն է»,-նշեց հեղինակը։

  • Կիսվել: